Ադրբեջանի ազգայնական «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարել է, որ չի ճանաչում դեկտեմբերի 23-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով musavat.com լրատվական կայքը, «Մուսավաթ»-ի առաջնորդների մամուլի կոնֆերանսում կուսակցության փոխնախագահ Գյուլաղա Ասլանլըն ընրություններն անվանել է «զավեշտալի» եւ «առանց ընտրողների» անցկացված: Նա ասել է, որ ընտրությունները ժողովրդավարական, ազատ եւ արդար չեն անցել:
«Ութ տեղամասերում ոչ մի քվեարկող ընտրող չեմ տեսել», -ասել է նա:
«Մուսավաթ»-ի մյուս փոխնախագահ եւ կուսակցության իրավաբան Էլման Ֆաթթահն ասել է, որ կուսակցությունը չի մասնակցել այդ ընտրություններին այն պարզ պատճառով, որ ընտրական հանձնաժողովները գտնվում էին իշխանությունների համապարփակ հսկողության տակ:
Նա ասել է, որ միեւնույն ժամանակ կուսակցությունը 300 տեղամասերում դիտարկում է անցկացրել եւ բացահայտել բազմաթիվ խախտումներ ու թերություններ: Քվեարկության օրը շատ ընտրատեղամասերում դիտորդներ չեն եղել, կատարվել են «կարուսելներ», քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ, նախապես քվեաթերթիկներ են նետվել քվեատուփեր:
Նրա խոսքով' ընտրական հանձնաժողովները չեն գրանցել «Մուսավաթ»-ի ինքնառաջադրված թեկնածուներին' այն դեպքում, երբ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից 15 հազար թեկնածու է գրանցվել: Էլման Ֆաթթահն ընտրություններն անվանել է «միակուսակցական»: Նա հավելել է, որ տեղական ինքնակառավարման մարմիններ «ընտրված» անդամների ցուցակները հայտնի են եղել ընտրություններից մի քանի շաբաթ առաջ:
Ադրբեջանում ՏԻՄ ընտրությունները կեղծարարություններով եւ խախտումներով անցնելու մասին համացանցում բազմաթիվ տեսանյութեր են տարածվել:
Ադրբեջանում անցկացված ՏԻՄ ընտրություններին ոչ մի արտասահմանյան կազմակերպություն դիտորդական առաքելությամբ չի մասնակցել: Դիտորդական առաքելություն ուղարկելուց հրաժարվել է նաեւ Եվրոպայի Խորհուրդը:
Դիտորդների կարծիքով' դեկտեմբերի 23-ին Ադրբեջանում անցկացված ՏԻՄ ընտրութուններին ընտրողների մասնակցությունը կազմել է 20 տոկոս, իսկ պաշտոնական տվյալներով' մոտ 39 տոկոս: