Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել է, որ ակնկալում է Արևմուտքի օգնությունն Ուկրաինայի արևելքում ճգնաժամի կարգավորմանն ուղղված Մինսկի պայմանավորվածություններն իրականացնելու համար: Այս մասին հայտնել է Обозреватель-ը:
«Մեզ անհրաժեշտ է միջազգային գործընկերների հետ գործողությունների համակարգում, իմ խաղաղ պլանն իրականացնելու համար: Այնտեղ կա ամեն ինչ՝ սահմանի փակում, օտարերկրյա զորքերի դուրսբերում, պատանդների անհապաղ ազատ արձակում, զինադադար և քաղաքական երկխոսություն»,- նշել է նախագահը:
Պորոշենկոն համոզված է, որ Երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար անհրաժեշտ է ստեղծել նոր, եվրոպական և գլոբալ անվտանգության մեխանիզմներ: Բացի այդ, նախագահը նշել է, թե հատկապես ինչ օգնություն է պետք Ուկրաինային Արևմուտքից։
«Մեզ երեք բան է անհրաժեշտ: Նախ, համաշխարհային համերաշխություն ու աջակցություն' ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար մեր պայքարում: Երկրորդ' Արևմուտքը կարող է օգնել մեզ իրականացնել բարեփոխումներ: Եվ երրորդ՝ տնտեսական օգնության կարիք ունենք»,- նշել է Պորոշենկոն: