ՀՀ կենտրոնական բանկի կողմից տասներորդ անգամ հայտարարված դոլարի վաճառքի աճուրդը չի կայացել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանի առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել: Դեկտեմբերի 18-ից հետո սա երկրորդ դեպքն է, երբ աճուրդը չի կայանում պահանջարկի բացակայության պատճառով:
Դեկտեմբերի 17-ին ՀՀ կենտրոնական բանկն իրականացրել էր 4 մլն ԱՄՆ դոլարի վաճառք' 570.58 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, իսկ սահմանային փոխարժեքը կազմել է 567.65 ՀՀ դրամ' 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Դեկտեմբերի 16-ի համեմատ դոլարի միջին փոխարժեքն ավելացել էր 44.26 դրամով:
Իսկ «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 19-ին կատարվել է 450 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք, որն իր ծավալով ամենամեծն է դեկտեմբերի ընթացքում. այս հարթակում դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 449.98 դրամ, իսկ միջին փոխարժեքը կազմել է 442.44 դրամ:
Դեկտեմբերի 8-ից հետո, երբ կենտրոնական բանկը հայտարարեց դոլարի վաճառքի աճուրդների անցկացման մասին, արդեն իսկ տեղաբաշխվել է 42 մլն դոլար: ԿԲ-ի կողմից նոր գործիքի ներդրումը նպատակ ուներ կարգավորելու արժութային շուկայում ստեղծված իրավիճակը և հարթելու փոխարժեքի տատանումները: