Իրանն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հրթիռային արդյունաբերություն ունեցող երկրների մեջ' այդ իմաստով զիջելով միայն ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Չինաստանին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իրանական ԶԼՄ-ներին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հուսեյն Դեհղանը:
Նա նշել է, որ վերջին տարիներին Իրանի հրթիռային արդյունաբերությունը զգալի նվաճումներ է արձանագրել: «Իրանը ոչ մեկին թույլ չի տա կասկածի տակ առնել իրանական հրթիռների կարողությունները կամ այդ հարցը դնել քննարկման», -ասել է նախարարը:
Նրա խոսքով' հրթիռների արտադրության ժամանակ Իրանը ձգտում է մեծացնել նշանին խփելու ճշգրտությունը եւ ռադարի կողմից հրթիռի հայտնաբերման ժամանակը:
Նախարարը նշել է, որ Իրաքում սրբավայրերի եւ Իրանի ազգային անվտանգության ապահովումը Թեհրանի համար «կարմիր գիծ» են: «Եթե «Իսլամական պետություն» խմբավորումը կամ որեւէ այլ կազմակերպություն դիպչի սրբավայրերին, Իրանը ձեռքները ծալած չի նստի», -ընդգծել է նախարարը:
Իրանցի նախարարը նշել է, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը չեն համարձակվի հարձակվել Իրանի վրա: «Միանգամայն սին են խոսքերն այն մաին, թե Իրանի վրա հարձակման պլանները սեղանի վրա են գտնվում: Եթե նրանք կարողանային ինչ-որ բան անել, ապա կանեին: Չնայած դրան, մենք լուրջ ենք ընդունում այդ սպառնալիքները եւ պատրաստվում ենք»,- ընդգծել է նախարարը: