Ավտոմեքենաների ապահովագրման համար վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը նոյեմբերին կազմել է մոտ 732 մլն դրամ, ինչը հոկտեմբերի համեմատ նվազել է մոտ 282 մլն դրամով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը ևս նախորդ ամսվա համեմատ նվազել է' կազմելով 3989 դիմում, նախորդ ամսվա 4859-ի դիմաց:

 

Նոյեմբերին հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը կազմել է 45 հազար 683, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 3900-ով (2013 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ ցուցանիշը եղել է 49 հազար 565): Հատուցման միջին չափը 2014թ. նոյեմբեր ամսվա դրությամբ կազմել է 195 հազար 93 ՀՀ դրամ:

 

Համակարգի վնասաբերության ցուցանիշը նոյեմբերի դրությամբ կազմել է մոտ 59 տոկոս, նախորդ ամսվա 60 տոկոսի փոխարեն։ 2014թ. նոյեմբերի վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 450 հազար 479, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 1615-ով: