Ավտոապահովագրության համակարգում դեկտեմբերին հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 990 մլն դրամ, ինչը նոյեմբերի համեմատությամբ աճել է մոտ 258 մլն դրամով:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, դեկտեմբերի ընթացքում կարգավորված դիմումների քանակը աճել է' կազմելով 4 հազար 855 դիմում, նախորդ ամսվա 3 հազար 989-ի դիմաց:

 

Հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների քանակը կազմել է 50 հազար 414, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 4 հազար 542-ով (2013 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ ցուցանիշը եղել է 54 հազար 956)։ Հատուցման միջին չափը 2014թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 195 հազար 921 դրամ: Համակարգի վնասաբերության ցուցանիշը 2014 թվականի համար կազմել է մոտ 60 տոկոս:

 

2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 429 հազար 185, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ նվազել է 21 հազար 293-ով: