Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Տոնական օրերին բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով, քաղաքապ ետ Տարոն Մարգարյանը հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին հանձնարարել է շուրջօրյա հերթապահություն սահմանել: Հսկողություն կսահմանվի նաև հասարակական տրանսպորտի, մասնավորապես, ներքաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտի և Երևանի մետրոպոլիտենի կանոնավոր աշխատանքն ապահովելու ուղղությամբ:

 

Առողջապահական և շտապբուժօգնության ծառայությունների պատասխանատուներին ևս քաղաքապետը հանձնարարել է ապահովել օպերատիվ աշխատանք: Հերթապահություն կսահմանվի նաև կրթական հաստատություններում՝ ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքի ապահովման նպատակով: «Շուրջօրյա հերթապահություն սահմանեք նաև տոնական օրերին հնարավոր տեղումների դեպքում ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Նախապես լրացուցիչ իրազեկեք նաև տնտեսվարողներին, որպեսզի հնարավոր տեղումների ժամանակ ապահովեն պարտադիր բարեկարգման իրենց պայմանագրային պարտավորությունների կատարումը»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով բարձրացվող հարցրերի և դրանց տրվող պատասխանների հետ կապված՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ընդհանուր առմամբ 303 հեռախոսազանգ է ստացվել, որից լուծում է ստացել 227 հարց, իսկ բարձրացված մյուս հարցերի լուծումն ընթացքի մեջ է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական օրերին ևս ապահովել «թեժ գծերի» հեռախոսահամարների աշխատանքը ու, ըստ անհրաժեշտության, օպերատիվ արձագանքել բնակչության կողմից բարձրացվող խնդիրներին:

 

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի երկրորդական և երրորդական փողոցներում շարունակվում են փոսալցման աշխատանքները: