ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով՝ արտաքին տնտեսական գործունեություն (ԱՏԳ) իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2016թ. դեկտմեբերի 17-ին, 18-ին, 24-ին, 25-ին, 31-ին և հունվարի 3-8-ը՝ ժամը 10.00-ից մինչև 16.00-ն սահմանվել է հերթապահություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել ԱՏԳ մասնակիցներին, ֆիզիկական անձանց և մաքսային ներկայացուցիչներին, իսկ պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղվել են տեղեկատվական վահանակներին:
ՊԵԿ նախագահի հրամանով՝ առաջին տեղակալը, նախաբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների ղեկավարները հերթապահության օրերին պարբերաբար համատեղ շրջայցեր կկատարեն՝ հետևելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների պատշաճ ապահովմանը:
Նախաբացթողումային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների, սահմանային մաքսային մարմինների կողմից տոնական և նախատոնական օրերին կիրականացվի ուժեղացված հսկողություն: