Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը տարեվերջյան աշխատանքային հանդիպում է ունեցել քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատությունների տնօրենների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախ, հակիրճ անդրադառնալով 2014 թվականին կատարված աշխատանքներին, Դավիթ Օհանյանը նշել է, որ մայրաքաղա քի առողջապահական տարին չափազանց հագեցած է եղել ինչպես ծառայությունների որակի բարելավման, այնպես էլ բուժհիմնարկների արդիականացման և նյութատեխնիկական հենքի համալրման առումով: Ոլորտում քաղաքապետարանի տարեկան աշխատանքը լավ գնահատականի է արժանացրել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը:
Քաղաքապետի տեղակալը շնորհավորել է պետական մարմինների կողմից պարգևատրված և պարգևատրման ներկայացված բոլոր բուժաշխատողներին' հատկանշելով, որ Երևանի քաղաքապետարանը և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր են գնահատում ոլորտի աշխատակիցների մասնագիտական առաքելությունը: Միաժամանակ, նշվել է, որ դեռևս առանձին բաղադրիչներով կան թերություններ, որոնք պետք է շտկել համատեղ ջանքերով:
Անդրադառնալով տոնական օրերին բնակչությանը մատուցվող ծառայություններին՝ Դավիթ Օհանյանը հանձնարարել է բոլոր բուժհաստատություններում սահմանել հերթապահություն և կազմակերպել պատշաճ բուժսպասարկում, ինչպես նաև հատուկ հետևել բուժհաստատությունների կոմունալ ենթակառուցվածքների անխափան աշխատանքին:
Առանձին ցուցում է տրվել շտապբուժօգնության ծառայությանը, ելնելով տոնական օրերին ավելացող թունավորման դեպքերի վիճակագրությունից, աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ: Միաժամանակ, քաղաքապետի տեղակալը քաղաքացիներին հորդորել է անտեղի զանգերով չխաթարել շտապբուժօգնության առանց այն էլ ծանրաբեռնված աշխատանքը:
Հանդիպմանը ներկա քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը տնօրենների հետ քննարկել է ներքին կառուցվածքային մի շարք խնդիրներ և կառավարության որոշումներում տեղ գտած փոփոխություններ:
Հանդիպման ավարտին քաղաքապետի տեղակալը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է ներկաներին գալիք տոների կապակցությամբ'նշելով, որ քաղաքապետարանը իր լիազորությունների ու հնարավորությունների շրջանակում շարունակելու է բոլոր այն աշխատանքները, որոնք միտված են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: