Գալիք տարվա սկզբից ԼՂՀ-ում 5000-ական դրամով կբարձրանան պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կամ զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձանց, Հայրենական մեծ պատերազմում (նաև այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս) հաշմանդամ դարձած անձանց, ինչպես նաև նույն պատերազմում

 

(նաև այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս) զոհված զինծառայողի ընտանիքի՝ աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անդամներին տրվող պարգևավճարների ամսական չափերը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, համապատասխան որոշում կայացվել է ԼՂՀ կառավարության դեկտեմբերի 23-ի' այս տարվա վերջին նիստում, որը վարում էր վարչապետ Արայիկ Հարությունյանը:

 

8000-ական դրամով կավելանան ԼՂՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված կամ զինծառայության ընթացքում մահացած զինծառայողի' աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող երեխաներին և ընտանիքի այլ անդամներին տրվող պարգևավճարների ամսական չափերը:

 

Գործադիրի ընդունած որոշմամբ՝ 40 տոկոսով բարձրացվել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը: Մեկ այլ որոշմամբ' սահմանվել են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակների չափերը' ապահովելով միջին չափի շուրջ 13 % աճ:

 

Կառավարությունը սահմանել է ԼՂՀ աշխատանքի պետական տեսչության՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, ինչպես նաև հաստատվել է ստուգումների ստուգաթերթը և ըստ անհրաժեշտության ստուգումների հարցաշարը:

 

Մեկ այլ որոշմամբ՝ պարզեցվել է խնամքի կարիք ունեցող անձանց համապատասխան հաստատություններում տեղավորման գործընթացը: Ըստ փոփոխության՝ խնամքի կարիք ունեցող անձինք բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում կտեղավորվեն վերջինիս կողմից՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի ղեկավարի ընդունած որոշման հիման վրա: