Թուրքագետ Հակոբ Չաքրյանը չի բացառում, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի ամենամյա ելույթում կարտաբերի «ցեղասպանություն» բառը:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Չաքրյանը շեշտում է, որ դա կլինի լիակատար ճանաչում, քանի որ ԱՄՆ-ն միակ լիարժեք գերտերությունն է ամբողջ աշխարհում. հետեւաբար այդ երկրի ճանաչումը կենթադրի նաեւ պատասխանատվություն հետեւանքների վերացման հարցում:

 

«ԱՄՆ-ի ճանաչմանը կհետեւի արդեն Մեծ Բրիտանիայի, Իսրայելի ճանաչումը: Ճանաչելու դեպքում ԱՄՆ-ն ակամա ստանձնում է Ցեղասպանության հետևանքների վերացման գործընթացը, որը չի նշանակում, որ Արևմտյան Հայաստանը կվերցնի ու մեզ կտա, այլ այն կդառնա միջազգային հանրության օրակարգի խնդիր: Հենց այդ պատճառով Թուրքիան ամեն կերպ համառում է չճանաչելու հարցում»,- ասաց թուրքագետը:

 

Միաժամանակ, ըստ Չաքրյանի, ժխտողականության հարցում Թուրքիայի դիրքորոշումը մնացել է նույնը, և նրա հակաքայլերն արդեն այդքան էլ ուժեղ չեն: Բացի այդ, Թուրքիան այս պահին ունի բազմաթիվ այլ խնդիրներ, եւ դրանցից առաջնահերթն այն է, որ մեր հարեւան պետությունը մեկուսացման մեջ է:

 

«Դավութօղլուի «Զրո խնդիրներ հարևանների հետ» ծրագիրը տապալված է, բացի այդ, ավելի քան երկու տասնյակ պետություն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և Թուրքիան արդեն սպառել է ժխտողականության քաղաքականության իր գործիքները: Թուրքիան ինքն է փակել սահմանը և միայն թշնամական վերաբերմունք է ցույց տվել մեր նկատմամբ, որը քաջ հայտնի է բոլորին, և միակ բանը, որ չի արել մեր նկատմամբ, ռազմական ներխուժումն է: Իսկ Թուրքիայի ներքին խնդիրներից կարող ենք առանձնացնել Ֆեթուլլահ Գյուլենի համայնքի և իշխանությունների միջև հարաբերությունների սրումը, քրդական հարցը, ալավիների հարցը և այլն: Իսկ արտաքին հարաբերություներում հարևան երկրների հետ լուրջ խնդիրներ ունի, օրինակ, Սիրիայում, Իսրայելում, Եգիպտոսում դեսպանատներ չունի, Իրաքի և Իրանի հետ հարաբերություններն էլ բավականին լարված են»,- շեշտեց Հակոբ Չաքրյանը:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի հետագա քաղաքականությանը, թուրքագետը գտնում է, որ ամեն ինչ պարզ կլինի Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ավարտից հետո:

 

«Թուրքերը սպասում են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների արդյունքին և Օբամայի խոսքին, որից հետո կորոշեն իրենց անելիքը: Նրանք կսկսեն ակտիվանալ հունվարից հետո»,- եզրափակեց Չաքրյանը:

 

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Արևմուտքի քննադատությանը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում' Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրոխորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: