Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 10-ին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև, որի նախագիծը ներկայացրել էին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Մարկ Քըրքը: Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատը նման բանաձև է ընդունում:  Հարցազրույցում պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Հակոբ Չաքրյանն անդրադառնում է ոչ միայն որոշման կարեւորությանը, այլեւ ներկայացնում թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պատճառները:

 

-Պարոն Չաքրյան, ԱՄՆ Սենատի որոշումը որքանո՞վ էր սպասելի եւ այդ որոշումով ԱՄՆ-ն ի՞նչ մեսիջներ է ուղարկում Թուրքիային:


-Անկեղծ ասած' այն ինձ համար էլ էր անսպասելի, սակայն դա շատ կարեւոր որոշում էր: Կարծում եմ' Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ ամենաշոշափելի քայլն է: Հիմքեր կան ենթադրելու, որ ճանաչման գործընթացը հետագա զարգացում կունենա եւ ԱՄՆ Կոնգրեսը տարելիցից առաջ կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: Մինչ այդ, Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը մտնում էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ կամ Սենատ, հանձնաժողովներում այն հաստատվում էր, հարցը քվեարկության էր դրվում եւ Թուրքիան ամերիկյան վարչակարգի միջոցով բանաձեւի հետագա հաստատումը տապալում էÖ €: Այս անգամ դա տեղի չի ունենա: Այս առումով է որոշումը կարեւոր:

 

-Ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել Թուրքիան այս անգամ եւ արդյո՞ք նման որոշումը չի կարող վտանգել թուրք-ամերիկյան հարաբերությունները:


-Թուրք-ամերիկյան հարաբերություններն առանձնապես ջերմ չեն: Էրողանի կառավարության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն տարածաշրջանի, Սիրիայի հարցում: Թուրքիան ռազմական միջամտություն էր պահանջում, իսկ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում պատերազմ չի ցանկանում: Թուրքերը, փաստորեն, սխալ որոշումներ կայացրեցին: Սիրիայում ռազմական միջամտություններին դեմ էր նաեւ ԵՄ-ն: Սկզբում «Սիրիական ազատ բանակ» կոչեցյալներին պաշտպանում էր ԵՄ-ն: Բանակը տեղակայված էր Թուրքիայում եւ կազմված էր 4 առանձին խմբավորումներից, որոնց մեջ էին շուրջ 12 00 ահաբեկչական կազմակերպություններ: Կազմակերպությունների զգալի մասը Ալ-Քաիդայի վերահսկողության տակ էին: Իսկ Ալ-Քաիդան ԱՄՆ-ում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Այս ցանկում է նաեւ խմբավորումների մեջ մեծ դեր խաղացող «Ան նուսրա»-ն: Այդ խմբավորումների մեծ մասն արմատական կազմակերպություններ են: Դա «խրտնեցրել» է արել ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին: Այդ իսկ պատճառով, Ասադի դեմ այդքան լարված չեն եւ համաձայն են, որ Ասադը գոնե որոշ ժամանակ մնա իշխանության ղեկին:

 

-Մեր նախորդ հարցազրույցների ժամանակ բազմիցս կրկնել եք, որ Հայոց Ցեղասպանության հարցը ԱՄՆ-ի ձեռքում լուրջ խաղաթուղթ է եւ այն անընդհատ օգտագործում են Թուրքիային ստիպելու գնալ այս կամ այն քայլերին: Ի՞նչն է փոխվել, որ ԱՄՆ-ն նման որոշում է ընդունել եւ ձեր խոսքերով կարող է հետագայում ճանաչման ավելի լուրջ գործընթաց սկսել:


-Բոլոր երկրներն էլ օգտագործում են այդ փաստը: Բայց, ներկա դրությամբ օգտագործելու խնդիր չկա, քանի որ հարաբերություններն առանց դրա էլ լարված են: ԱՄՆ-ի եւ Թուրքիայի տեսակետները չեն համընկնում Սիրիայի, Իսրայելի, Եգիպտոսի, Իրաքի հարցում: Թուրքիան խոչընդոտ է հանդիսանում ԱՄՆ-ի' տարածաշրջանում արտաքին քաղաքականությանը: Եթե նա դարձել է ակնառու խոչընդոտ, ԱՄՆ-ն որեւէ խաղաքարտ օգտագործելու խնդիր չպետք է ունենա: Անհրաժեշտ է ուշադրության սեւեռել այն հանգամանքին, որ նախաձեռնությունը պատկանում է ոչ թե վարչակարգին, այլ Կոնգրեսին: Հետեւաբար, դա բերել են‚ պայմանավորել որեւէ շահադիտական նկրտումներով՝ սխալ է: Սա Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ քայլ է:

 

-Բազմից քննարկվել եւ շահարկվել է Օբամայի ապրիլքսանչորսյան ելույթը: Այս որոշումը կարո՞ղ է որեւէ ազդեցություն ունենալ նախագահի ապրիլքսանչորսյան ելույթի հետ կապված:


-Մեզ մոտ հաճախ մոռանում եւ անտեղի քննադատում են Օբամային: Ցեղասպանություն բառը թեպետ ուղերձում չի ասում, սակայն Ցեղասպանության սահմանումը նա բազմիցս տվել է: 2009թ. ապրիլի 6-7-ին, երբ նա այցելել էր Թուրքիա, Անկարայում նախագահի Գյուլի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ամերիկացի լրագրողի «Դուք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին դրական կարծիք էիք հայտնել, փոխե՞լ եք Ձեր կարծիքը» հարցին, Օբաման պատասխանեց, որ կարծիքը չի փոխել եւ շարունակում է մնալ նույն տեսակետին: Դա Թուրքիայի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ Թուրքիայի նախագայի նստ ավայրում Ցեղասպանություն բառը հնչեց եւ արծարծվեց: Այնուհետեւ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում հայտարարեց, որ պետք է առերեսվեն իրենց պատմությանը: Նա ասաց, որ ԱՄՆ-ն այդպես է զարգացել եւ թուրք խորհրդարանականները ստիպված ծափահարեցին:

 

-Ճանաչման այս նոր գործընթացն իր հետ ի՞նչ կբերի: Կարելի՞ է ենթադրել, որ ճանաչման գործընթաց կմեկնարկի նաեւ Մեծ Բրիտանիայում եւ եվրոպական այլ երկրներում:


-Իհարկե, որոշումը թափ կհաղորդի Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Բայց այդ, թափն այնքան կարեւոր չէ: Այստեղ էական է, որ ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը, քանի որ աշխարհի միակ պետությունն է, որ եթե ճանաչման որոշում է ընդունում, ենթադրվում է, որ նա ստանձնում է նաեւ հետեւանքների վերացման պատասխանատվությունը: Դա կարող է պրակտիկ նշանակություն ունենալ: ԱՄՆ-ն, ճանաչելուվ հանդերձ, ի վիճակի կլինի նաեւ պատասախանտվություն վերցնել հետեւանքների վերացման համար:

 

-Դուք նկատի ունեք որոշակի պարտադրանք Թուրքիայի նկատմամբ:


-Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման բանաձեւեր կմտնեն օրակարգ:

 

-Պարոն Չաքրյանը հետեւե՞լ եք թուրքական արձագանքներին:


-Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղարին էր զանգել, սակայն այդ կապերն ու զանգերը որեւէ լուրջ արդյունքի չեն հանգեցնի: Պետքարտուղարությունն արդեն հայտարարություն էր արել, որ այդ հարցում ԱՄՆ-ի տեսակետը հայտնի է: «Տեսակետները հայտնի են» ասելով նկատի ունեն, որ Օբաման խոսք էր տվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ որ ԱՄՆ-ն գիտի եղելությունն ու երբեք չի ժխտել: Դավութօղլուն հայտարարեց, որ դատապարտում եւ մերժում է որոշումը: Իսկ փոխվարչապետ Ալի Բաբաջանն ասել է, որ դա Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ ուղղված քարոզչություն է:

 

-Որքանո՞վ է իրատեսական փոխվարչապետի նման հայտարարությունը:


-Չեմ կարծում, որ Էրդողանի կուսակցության դեմ նման քարոզարշավ սկսեն: Անիմաստ հայտարարություն է տարածել, քանի որ Էրդողանի կուսակցության դեմ կարելի է պայքարել այլ միջոցներով: Որոշումը ոչ Էրդողանի կուսակցությանն է ուղղված, ոչ էլ Թուրքիային: Բանաձեւի տեքստում Թուրքիա բառ չկա, քանի որ Թուրքիան հանրապետություն է հռչակվել 1923թ.:

 

-Իսկ ԶԼՄ-ներն ինչպես արձագանքեցին:


Թուրքական մի քանի հեռուստաընկերություններ արձագանքեցին, մի քանի թերթեր նույնպես անդրադարձան, սակայն Թուրքիայի ներքաղաքական վիճակն այնպիսին է, որ առաջնահերթը դա չէ: Մինչ այդ, բոլոր թերթերն առաջին էջերում որպես առաջնորդող լուր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նյութերն էին տալիս, այս անգամ հոդվածը երրորդական մի անկյունում էր խցկված: Թուրքիայում վիճակը լարված է: Հատկապես հիմա, երբ ամենաթունդ կերպով քննարկվում է Էրդողանի նախագահ հռչակվելու հարցը: Հետեւաբար, Թուրքիան էլ այդ առումով պայքարելու ցանկություն չունի, մանավանդ, որ հարաբերությ ունները Վաշինգտոնի հետ լարված են:

 

Հարցազրույցը ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ