Ամանորի նախաշեմին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանուկներին հաճելի անակնկալ մատուցեց Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

 

Դեկտեմբերի 24-ին հանրապետության նախագահի տիկինն Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ այցելեց մանկական հիվանադանոցˋ շնորհավորելու մանուկների Նոր տարին և Սուրբ ծնունդը: Նախագահի տիկինը նախ մասնակցեց հիվանդանոցում բուժվող մանուկների գեղանկարների ցուցահանդեսին, ապա անձամբ վարեց ամանորյա տոնական հանդեսը: Երեխաների Նոր տարին շնորհավորելու էին եկել «Կոմպաս» բենդը և «Մանկական Եվրատեսիլ-2014» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Բեթին: Երեխաները կատարե ցին նաև տիկին Սարգսյանի հեղինակած «Արև ենք մենք» երգը, որին միացան դահլիճում գտնվող երեխաները:

 

Սակայն մանուկների համար ամենասպասված պահը Ձմեռ պապիկի գալուստն էր: «Ձը՜-մե՜ռ պա՜պ, Ձը՜-մե՜ռ պա՜պ»,- միահամուռ վանկարկում էին մանուկները ու մեծերը: Եկավ Ձմեռ պապն իր օգնականների հետ: Կրկին ղողանջեց երաշժտությունը, սկսվեց երգն ու պարը: 11-ամյա Աննան, ով ամառն է դուրս գրվել հիվանդանոցից և ներկայումս դիսպանսերային բուժում է ստանում, առողջություն և խաղաղություն է խնդրում Ձմեռ պապիկից:

 

Մանուկներին նվերների հանձնումից հետո, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալ նշորհեց տիկին Ռիտա Սարգսյանին, ով նաև ռուսական «Նվիրիր կյանք» հիմնադրամի հայկական մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: