Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելեց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երեխաները ամանորյա հանդես էին պատրաստել առաջին տիկնոջ համար: Նրանք երգեցին, պարեցին, ապա ամանորյա ցանկություն պահելով՝ խաղալիքներ կախեցին տոնական եղեւնու վրա: 10 տարեկան Արփուշիկը երազում է, որ հիվանդանոցի տխուր ու երկար օրերը Ամանորի նման ուրախ անցնեն: Հենց այդ ցանկությունը պահելով փոքրիկ Արփինեն կախեց խաղալիքը տոնածառի վրա:

Ռիտա Սարգսյանն Արփինեի ամենալավ բարեկամներից է, ով միշտ կատարում է փոքրիկի ցանկությունները: Արփինեն երազում էր երկու հարկանի մահճակալի մասին, ինչը եւ սիրով նվեր ստացավ առաջին տիկնոջից:

«Արփուշիկը կենտրոնի ամենածանր հիվանդն էր: Նրա բախտը  բերեց, որ Հայաստան եկավ Ռուսաստանի առողջապահության նախարարը, ով իմ լավ բարեկամն էր եւ քանի որ արյունաբանական կենտրոնը դեռեւս վերանորոգման փուլում էր, ես նրան խնդրեցի. կգա մի օր մենք էլ կկարողանանք Ռուսաստանի փոքրիկ քաղաքացու կյանք փրկել, բայց այսօր մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունը, նա լսեց եւ ասաց, որ պատրաստ է եւ Արփուշիկին հրավիրեցին Մոսկվա»,-պատմեց Ռիտա Սարգսյանը:

Արփինեն երկու ծանր վիրահատություն տանելուց հետո արդեն առողջացման փուլում է:  

 

Արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար անակնկալ էին պատրաստել նաեւ Չեխովի անվան համար 55 դպրոցի աշակերտները: Դեկտեմբերի 1-ից սկսած՝ նրանք դրամահավաք էին կազմակերպել, որի արդյունքում հավաքված 2 միլիոն դրամը կուղղվի երեխաների առողջացմանը: Չեխովի անվան դպրոցի աշակերտները նաեւ արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաների համար նկարներ էին պատրաստել, ինչպես նաեւ անանուն նամակներ գրել` մաղթելով նրանց առողջություն:

Տոնական հանդեսի վերջում արյունաբանական կենտրոնի երեխաներին անակնկալ մատուցեցին նաեւ Ձմեռ պապն ու Ձյունանուշը` ովքեր կարդացել էին երեխաների գրած նամակները: Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ Ձմեռ պապն ու Ձյունանուշը  երեխաներին հանձնեցին իրենց երազած նվերները: