Արարատի մարզում 2014 թվականի 11 ամսվա կտրվածքով, սեփական եկամուտների կատարողականը կազմել է 103,6 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է մուտքագրվել 79,7 մլն դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը, գույքահարկի գծով նախատեսված տարեկան 558,6 մլն դրամի դիմաց գանձվել է 492,8 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ ավել է մուտքագրվել 81,4 մլն դրամ: Այս հարկատեսակի գծով 53 համայնք ապահովել են 100 տոկոս պլանային ցուցանիշները. մարզի չորս քաղաքային համայնքնե րը, Այգեստանը, Աբովյանը, Ավշարը, Արաքսավանը, Նարեկը, Ոստանը, Բուրաստանը եւ այլն: Ցածր արդյունք են ապահովել 44 համայնք:

 

Եղիազարյանը նշեց, որ տեղական տուրքի գծով նախատեսված տարեկան 70,7 մլն դրամի դիմաց մուտք է եղել 67,8 մլն դրամ: Հաշվետու ժամանակաշրջանի նկատմամբ կատարողականը կազմում է 104,6 տոկոս, իսկ նախորդ տարվա համեմատ պակաս է մուտքագրվել 5,0 մլն դրամով: 69 համայնքներ կատարել են հաշվետու ժամանակաշրջանի պլանները: Ցածր արդյունք են ապահովել 28 համայնք. չորս քաղաքները, Զանգակատունը, Արբաթը, Նոր Խարբերդը եւ այլն:

 

Հողի վարձավճարների գծով կատարողականը կազմել է 101,3 տոկոս: Նախորդ տարվա համեմատությամբ պակաս է մուտքագրվել 13,3 մլն դրամ:

 

Այլ մուտքերի գծով փաստացի մուտք է եղել 177,8 մլն դրամ: Ավելի է մուտքագրվել 11,5 մլն դրամ:

 

Ամփոփելով 11 ամիսների արդյունքները' վարչության պետը դրանք գնահատեց դրական, ավելին' ասաց, որ հանրապետական ցուցանիշներով այս պահին Արարատի մարզն առաջին տեղում է, սակայն լիարժեք առաջին հորիզոնականը պահպանելու համար 100 տոկոսից հետ մնացող համայնքներին կոչ արեց առաջիկա օրերի ընթացքում ապահովել պահանջվող արդյունքը:

 

 

Լիլիթ Մաճկալյան