ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում դեկտեմբերի 27-ին անցկացվել է կենտրոնական ապարատի ղեկավար կազմի տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակ ային զորամիավորումների հրամկազմը և, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության շրջանակում, ԼՂՀ Պաշտպանության բանակի ղեկավար կազմը:

 

Տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

 

Բացելով խորհրդակցությունը' պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների նախաշեմին, ինչպես նաև տոնական և հետտոնական օրերին պետք է առավել կենտրոնացնել ջանքերը, պատճաշ և բարձր մակարդակով իրականացնել բոլոր միջոցառումները' հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար:

 

Խորհրդակցության ընթացքում ենթակա զորամասերում անցկացված ամփոփիչ ստուգումների նախնական արդյունքների, Ամանորի և Սուրբ ծննդի տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին տեսակապի միջոցով հաշվետու զեկույցներով հանդես են եկել բանակային զորամիավորումների հրամանատարները: Ներկայացվել են առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ուսումնական հաջորդ տարվա նախապատրաստական փուլի աշխատանքների պլանավորման առանցքային հարցերը:

 

Տարվա ընթացքում կատարված աշխատանքների և առկա խնդիրների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել նաև ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, ովքեր ընդգծել են, որ ուսումնական տարվա շրջանակում պլանային կարգով շարունակվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության, զինվորական կարգապահության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքները:

 

Ամփոփելով խորհրդակցությունը' պաշտպանության նախարարը տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականեր' ներկայացնելով նաև 2015թ. տարեմուտի ուղերձի առանցքային կետերը: Սեյրան Օհանյանը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց հատկապես տոնական օրերին զորամասերում ուժեղացված ռեժիմով վերահսկողություն սահմանելու, անձնակազմի զգոնությունը բարձրացնելու հարցերի վրա:

 

Պաշտպանության նախարարը հրահանգել է նաև խիստ հետևողական լինել զորամասերում անհրաժեշտ ջեռուցման պայմաններն ապահովելու, անձնակազմի ցրատահարության դեպքերը բացառելու, ինչպես նաև ժամկետային զինծառայողների, հատկապես նորակոչիկների առողջական գանգատների նկատմամբ:

 

Սելեկտորային խորհրդակցությունն եզրափակվել է մեկ գավաթ շամպայնով միմյանց ամանորյա շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղելով: Գեներալից մինչև շարքային բարեմաղթելով առողջություն, երջանկություն, հանդուրժողականություն, անձնական ու ծառայողական նորանոր հաջողություններ' պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ միասնական աշխատանքի շնորհիվ 2015-ին էլ ազգային բանակը դարձյալ պատվով կհաղթահարի բոլոր դժվարությունները, ամուր կպաշտպանի մեր սահմանները և կապահովի հայ ժողովրդի խաղաղ արարումը: