ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ' Հայաստանի սահմաններում և ԼՂՀ շփման գոտում իրավիճակը միշտ լարված է, պարզապես կրակոցների թիվն է երբեմն ավելանում կամ պակասում: Նախարարի խոսքով՝ վերջին օրերին որոշակի լարվածություն նկատվում է հատկապես երկրի հյուսիս-արևելյան սահմանին: Տավուշի մարզում գնդակոծվել են սահմանային գյուղեր և թեպետ հայկական կողմը մեծ առումով տուժածներ չի ունեցել, սակայն հայկական զինված ուժերը արժանի պատասխան են տվել: «Վերջին շրջանում կրակոցներն ու սահմանային խախտումներն Ադրբեջանի կողմից ավելացել են: Այդ ավելացումները քաղաքական կամ տարբեր իրադարձությունների շրջանակներում ենք դիտարկում: Վերջերս նրանք նշում էին բանակի տոնը և դրա շրջանակում սահմանին կրակոցներն ու լարվածությունն ավելացել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը' հավելելով, որ դիվերսիոն գործողություններ չեն եղել, սակայն կրակել են տարբեր տիպի և տրամաչափի զենքերից: Հակառակորդը գործի է դրել դիպուկահարների, հրաձիգերի և նռնակաձիգերի:

 

«Սակայն մեր դիրքապահների՝ տեղում իրադրության գնահատման արդյունքում համարժեք պատասխանն է եղել: Շատ դեպքերում մենք կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում' կանխատեսելով այս կամ այն հատվածում կրակոցների հնարավորությունը և լարվածությունը»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ավելացման արդյունքում հայկական կողմը երբևէ չի դիմել ՀԱՊԿ-ին:

 

«ՀԱՊԿ-ին դիմելու և աջակցություն ստանալու համար կա ընթացակարգ, երբ երկրի ներսում գնահատվում է իրադրությունը և երբ պատերազմական մարտական գործողությունն անխուսափելի է, գերատեսչությունների կողմից' աշխատանքային ալգորիթմի շրջանակներում, համապատասխան առաջարկություն է արվում երկրի նախագահին, որն էլ դիմում է ՀԱՊԿ ղեկավարությանը: Չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է , որ դիմենք ՀԱՊԿ-ին: Եթե նման հրաձգությունների, մանր խախտումների դեպքում հայկական բանակը չկարողանա արձագանքել, ապա հայկական բանակն ինչի՞ է հարկավոր: Այսօր հայկական բանակն ամրանում, կատարելագործվում և ավելի մարտունակ է դառնում և ի վիճակի է ինքնուրույն լուծել իր առջև դրված խնդիրները: Դա նորություն չէ»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

Նախարարի խոսքով՝ երկրագնդի վրա չկա որևէ երկիր, որտեղ առանց երրորդ ուժի' ուժերի հավասարակշռության շնորհիվ կարողանան ապահովել հրադադարի հարաբերական պահպանում: «Մենք ՀՀ և ԼՂՀ տարածքում ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ ուժերով, առանց երրորդ ուժի հավասարակշռության, պահպանում ենք իրադրությունը: Դա վերաբերում է ոչ թե քանակական, այլ որակական հավասարակշռությանը՝ մարտունակությանը, զինծառայողների ոգուն և պատրաստվածությանը: Այլ բան է, որ ՀԱՊԿ-ին ցույց տանք և տեղեկացնենք, որ համապատասխան հայտարարություն արվի: Այդ մասին, Նիկոլայ Բորդյուժայի հետ իմ հանդիպման ժամանակ ասվել է , որպեսզի նա հավասարակշռված մոտեցում ցուցաբերի խախտումների նկատմամբ և շեշտեն, թե խախտումները որ կողմից են»,- ասաց Օհանյանը' ընդգծելով, որ երբևիցե հայկական կողմից խախտումներ չեն եղել. հայկական կողմը միշտ խստորեն պատասխանում է խախտումներին:

 

Նախարարի գնահատմամբ՝ ելույթների, հայտարարությունների կամ քննարկումների ժամանակ ՀԱՊԿ ղեկավարությունը ԼՂ հակամարտության հարցը չեն շրջանցում: Ըստ Օհանյանի՝ ՀՀ և ԼՂՀ տարածքներում հակամարտության հարցը կա և ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մեր հետ միասին աշխատում են, որ միջազգային նորմերը, այդ թվում՝ ուժի չկիրառումը հաշվի առնվի և դրա շնորհիվ է, որ տարիներ շարունակ հակառակորդը զերծ է մնում ուժի չկիրառումից: