Հայկական բանակն ամեն ինչ անելու է, որպեսզի հրադադարի ռեժիմի սահմաններում պահպանվի և տիրի խաղաղություն, իսկ դա այսօր իրականացվում է հայկական բանակի մարտունակության, մեր զինուժի մարտական կարողությունների կատարելագործման շնորհիվ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

 

 

«Չնայած այն բանին, որ հայկական կողմի նախաձեռնությամբ մշտական աշխատանքներ են տարվում հրադադարի ամրապնդման ուղղությամբ, մեր հակառակորդն իր ոչ կառուցողական մոտեցման պատճառով հրադադարի ամրապնդման պայմաններ չի ստեղծում: Բաքվի Եվրոպական խաղերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների թիվը քչացել է, չեն եղել դիվերսիոն գործողություններ: Սակայն մինչ այդ բոլորս ակնհայտ տեսանք, թե մինչև ապրիլի 24-ն ինչ լարվածություն էր առաջացնում հակառակորդը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ ավելացնելով, որ միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինս կի խմբի համանախագահ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի հրադադարը պահպանվի:

 

 

Միաժամանակ, Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ իր համար անընդունելի և անհասկանալի է նախիջևանյան հատվածի ուղղությամբ հակառակորդի կողմից վերջին կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումը: «Սովորաբար հակառակորդն իր եռանդը մարում է արժանի պատասխան ստանալու ժամանակ, այսօրվա իրականության մեջ դա է մեր հարևաններին զսպելու զսպաշապիկը: Եվ հայկական բանակն ամեն ինչ անելու է, որպեսզի հրադադարի ռեժիմի սահմաններում պահպանվի և տիրի խաղաղություն»,- նշել է Օհանյանը: Նախարարը նկատել է նաև, որ Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականությունը «սեփական անխոցելիության սինդրոմ»-ով է տառապում և իրականությունից կտրված է:

 

 

Սեյրան Օհանյանն ավելացրել է նաև, որ սահմանագոտի իր այցերը մշտապես են լինում, սակայն նախիջևանյան հատված այցը պայմանավորված էր վերջին դեպքով:

 

 

Ադրբեջանական կողմը հունիսի 26-ին ժամը 18:30-ի սահմաններում ակտիվ կրակ է վարել ՀՀ նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ' կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում, ցավոք, զոհվել է նաև ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանը' ծնված 1987թ: