ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Երեւանի պահպանության նախաձեռնությունների միավորման նամակը` Փակ շուկայի տարածքում ապօրինի շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ, ուղարկվել է Երեւանի քաղաքապետարան:
Փաստորեն, սա նշանակում է, որ ՀՀ նախագահը չի արձագանքել նամակին:
Հունվարի 14-ին Երեւանի պահպանության նախաձեռնությունների միավորումը դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, խնդրելով միջոցներ ձեռնարկել Փակ շուկայի տարածքում ապօրինի շինարարությունը դադարեցնելու համար:
Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.
«Հարգարժան պրն. Նախագահ,
Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի սրտում տեղի է ունենում օրենքի բացահայտ եւ հետեւողական խախտում։
Մայրաքաղաքի կենտրոնական 1-ին (Ծածկած) շուկայի շենքը, որն ընդգրկված է ՀՀ պետության կողմից պահպանվող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում, որպես հանրապետական նշանակության հուշարձան, վերանորոգման անվան տակ ենթարկվում է վայրագ վերակառուցման՝ շենքի սեփականատիրոջ կողմից, առանց համապատասխան թույլտվության եւ պատմամշակութային հուշարձանի վերակառուցման համար անհրաժեշտ պատշաճ կազմված եւ համապատասխան ատյաններում համաձայնեցված նախագծի։
Հասարակությունը առաջին իսկ օրվանից շարունակաբար, ահազանգում է տեղի ունեցող օրինախախտման մասին, ինչի հետեւանքով Ծածկած շուկայում իրականացվող շինարարական աշխատանքները մեկ անգամ դադարացվեցին Երեւանի քաղաքապետարանի կողմից՝ պայմանով, որ կարող են վերսկսվել միայն հուշարձանի վերակառուցման նախագիծ ներկայացնելուց եւ պետական լիազոր մարմնի կողմից համաձայնություն ստանալուց հետո։ Ցավոք, մինչեւ քաղաքապետարանի այդ որոշումը, շենքը արդեն իսկ ենթարկվել էր մասնակի բարբարոսական ավերման։ Բացի այդ, թե՛ Քաղաքապետարանը, թե՛ մշակույթի ու քաղաքաշինության նախարարությունները, եւ թե՛ Ծածկած շուկայի շենքի սեփականատերը վստահեցնում եւ երաշխավորում էին, որ վերակառուցման աշխատանքները որեւէ կերպ չեն ազդելու շենքի նախնական կերպարային, կոնստրուկտիվ, ծավալատարածական լուծման վրա։
Այդուհանդերձ, զրոյական նիշի մակարդակով աշխատանքներ անելու թույլտվություն ստանալուց հետո, Ծածկած շուկայի սեփականատերը շարունակել է ապօրինի շինարարությունը ՝ քանդելով շենքի կեսը ներսից, մտցնելով դրա մեջ մի նոր կառույց, որը որեւէ կապ չունի հուշարձանի ոչ նախնական, ոչ էլ վերակառուցման որեւէ գիտամեթոդական մոտեցման տեսանկյունից ընդունելի տարբերակի հետ։
Փաստորեն, պատմամշակութային հուշարձանին ապօրինաբար եւ միտումնավոր կերպով հասցվել է չափազանց մեծ վնաս, որի հետեւանքով հուշարձանը կորցրել է իր կերպարային ամբողջականությունը։ Օրենքի հետեւողական խախտումը շարունակվում է առ այսօր, պատասխանատու գործադիր գերատեսչությունների (մշակույթի նախարարություն, քաղաքաշինության նախարարություն, Երեւանի քաղաքապետարան) պասիվ եւ կասկածելիորեն անտարբեր դիրքորոշման պայմաններում։ Ակնհայտ է նաեւ, որ գերատեսչությունները փորձում են ազատվել պատասխանատվությունից, գցելով այն մեկը մյուսի վրա, չնայած, որ օրենքը հստակ սահմանում է հուշարձանի պահպանության եւ օգտագործման հետ կապված գործընթացների հերթականությունը, եւ սեփականատիրոջ ու յուրաքանչյուր պետական մարմնի պարտավորություններն ու պատասխանատվության սահմանները: Ու մինչդեռ պատասխանատու գերատեսչությունները շարունակում են քայլեր չձեռնարկել՝ կանգնեցնելու համար այդ բացահայտ օրինազանց վանդալիզմը, Երեւանը կորցնում է իր ամենանշանավոր հուշարձաններից մեկը, իսկ հանրությունը կորցնում է իր վստահությունը Հայաստանի Հանրապետությունում ՕՐԵՆՔԻ գերակայության գաղափարի նկատմամբ։
Մյուս կողմից, Ձեր իսկ գլխավոր ելույթներում մշտապես շեշտվում է Օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, սակայն այս դեպքը Օրենքի ընտրովի կիրառման ճչացող օրինակ է, եւ դժվար է պատկերացնել, ինչպես է քաղաքապետարանը քաղաքաշինական գործունեությամբ զբաղվող մնացած քաղաքացիներից պահանջելու հետեւել օրենքին:
Հարգարժան պրն. Նախագահ,
Դիմում ենք Ձեզ, որպես ՀՀ Սահմանադրության եւ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը ապահովող ԵՐԱՇԽԱՎՈՐԻ։ Խնդրում ենք հնարավորինս շուտ միջամտել ստեղծված անհասկանալի իրավիճակին եւ կանխել օրենքի նման ցինիկ խախտումը, որի հետեւանքով վերանալու է Երեւանի նշանային եւ ամենասիրելի կառույցներից մեկը։ Պահանջում ենք, որ Շուկայի տարածքում ապօրինի առաջացած նոր կառույցը օր առաջ ապամոնտաժվի եւ հուշարձանը վերականգնվի իր նախկին տեսքով»: