ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը մարզպետարանում հրավիրած մամուլի ասուլիսի շրջանակներում ամփոփել է մարզի անցնող տարվա ցուցանիշները, ներկայացրել 2015 թվականի ընթացքում Կոտայքի մարզում նախատեսված ծրագրերն ու անելիքները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանից, մինչ մարզպետարանի գործունեության տարբեր ոլորտներին անդրադառնալը' ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն ամփոփել է մարզի սպորտի ոլորտում արձանագրած հաջողությունները, մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաև Կյոկուշինկայ-կարատեի ազգային ֆեդերացիայի սաներին հանձնել պատվոգրեր և համապատասխան խրախուսանքներ:

 

Կոտայքի մարզպետը մարզաշխարհի ներկայացուցիչներին շնորհավորել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Նա իր խոսքում կարևորել է մարզի սպորտային ձեռքբերումները և կրկին վերահաստատել մարզաշխարհի ներկայացուցիչների կողքին լինելու իր պատրաստակամությունը:

 

Ամփոփելով 2014-ի արդյունքները' Կոտայքի մարզպետը նշել է, որ տարվա ընթացքում հանգամանորեն վերլուծության են ենթարկվել մարզպետարանի գործունեության բոլոր ոլորտները, նախանշվել են համապատասխան բնագավառներում առաջնահերթություն ունեցող հիմնախնդիրներն ու մարզային գործընթացները:

 

Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզի բոլոր համայնքների ղեկավարների աշխատակազմերը, մարզային ենթակայության կրթական և առողջապահական հաստատություններն արդեն իսկ աշխատում են «Mulberry» փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգով:

 

Հարությունյանն ընդգծել է, որ էական աշխատանք է տարվել մարզպետարանի գործունեության հրապարակայնության ապահովման ուղղությամբ: Տարվա ընթացքում շարունակաբար իրականացվել են մարզպետարանի պաշտոնական կայքի տեղեկատվական համալրման աշխատանքները: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրականացրած մոնիտորինգի շրջանակներում, Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքն ապահովել է 96,6 % տեղեկատվության մատչելիության գործակից և ճանաչվել է լավագույնը ՀՀ մարզերի շարքում՝ գրավելով առաջին հորիզոնականը: Անցնող տարվա ընթացքում մեծացել է կայքից օգտվողների թիվը և նախորդ տարվա համեմատ հաճախումների ցուցանիշը ավելացել է 100 տոկոսով:

 

Մարզպետն իր աշխատանքային գործունեության ընթացքում մեծ տեղ է հատկացրել մարզի համայնքներ, արտադրական ձեռնարկություններ, ուսումնական և առողջապահական կազմակերպություններ կատարած այցելություններին, որոնց ընթացքում ևս լուծումներ են տրվել տեղերում բարձրացված բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև քննարկվել են մի շարք հեռանկարային ծրագրեր:

 

Զգալի աշխատանք է կատարվել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ և, ըստ նախնական տվյալների, համայնքների բյուջեների հողի հարկի, գույքահարկի, տեղական տուրքերի, հողի ու գույքի վարձակալական վարձավճարների եկամուտների պլանը կատարվելու է 100 և ավելի տոկոսով:

 

Ավարտվող տարվա ընթացքում ՀՀ կառավարության կողմից տրված շուրջ 774.6 մլն դրամի հասնող հատկացումների շրջանակներում հրատապ լուծումներ են ստացել մարզի համայնքներում առկա բազմաթիվ խնդիրներ:

 

Ինչպես ՀՀ կառավարության ֆինանսավորման, այնպես էլ այլ ներդրումների շնորհիվ իրականացվել են մարզային ամենատարբեր ենթակառուցվածքների գործունեության բարելավմանն ուղղված տարբեր ծրագրեր, որոնց արդյունքում հիմնանորոգվել են կրթական, մշակութային, առողջապահական ու մարզական հաստատություններ, միջհամայնքային և ներհամայնքային մի շարք ճանապարհահատվածներ, ոռոգման ու խմելու ջրատարներ և տեղի են ունեցել մարզային նշանակության այլ կարևորագույն գործընթացներ:

 

Կոտայքի մարզում 2014թ. թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են շուրջ 5.3%-ով: Նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել մշակող արդյունաբերության, էլեկտրաէներգիայի, սննդի, խմիչքների, կաշվե իրերի և հիմնային մետաղների արտադրության բնագավառներում:

 

Անդրադառնալով գյուղատնտեսական տարվա վիճակագրությանը' Կոտայքի մարզպետը նշել է, որ 2014 թվականին մարզում կատարվել է 6144 հա աշնանացանի ցանք, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 430 հա-ով:

 

Ընթացիկ տարում հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն արտադրանքը կազմել է' հացահատիկ' 27 հազ. 550 տոննա, միջին բերքը' 23.8 ց/ հա, նախորդ տարվա 26 հազ. 161 տոննա հացահատիկի և 22.1 ց/հա միջին բերքատվությաքն նկատմամբ: Արտադրվել է կարտոֆիլ' 16 հազ. 782 տոննա, բանջարեղեն' 22 հազ. 418 տոննա, պտուղ' 14 հազ. 164 տոննա: Նախորդ տարվանից ավելի է արտադրվել 431 տոննա կարտոֆիլ, 116 տոննա բանջարեղեն, իսկ պտղի համախառն բերքը պակասել է 5 հազ. 173 տոննայով, որը հիմնականում պայմանավորված է վաղ գարնանային ցրտահարությունով / մարտի 31- ից ապրիլի 2-ը/:

 

Մարզում գործում են մարզպետարանի ենթակայության 91 կրթական հաստատություններ, որոնցից 59-ը' միջնակարգ հանրակրթական, 31-ը' հիմնական, 1-ը' հատուկ /օժանդակ/ և ԿԳ նախարարության ենթակայության 11 ավագ դպրոց, 2 կրթահամալիր, 6 քոլեջ և 5 արհեստագործական ուսումնարան: Մարզում գործում են նաև 1 մասնավոր դպրոց և 1 ոչ պետական ուսումնական հաստատություն:

 

2014-2015 ուսումնական տարում մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում կոմպլեկտավորվել է 1368 դասարան, որտեղ սովորում է 28 հազ. 506 աշակերտ:

Մարզի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում է շուրջ 2 հազ. 348 ուսուցիչ, շուրջ 214 վարչական և 969 ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատողներ:

 

Խոսելով առողջապահության բնագավառի աշխատանքների մասին' մարզի ղեկավարը նշել է, որ ոլորտում գործում է 40 ընկերություն: 100 տոկոս պետական բաժնեմաս ունի 35 բուժհաստատություն' 4 բժշկական կենտրոն / Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Նաիրի/, 1 ծննդատուն /Աբովյան/, 1 քաղաքային պոլիկլինիկա /Նոր Հաճըն/, 1 մարզային արյան բանկ /Հրազդան/, 2 առողջության կենտրոն /Գառնի, Արգել/, առողջության առաջնային պահպանման 26 հաստատություն: 5 ընկերությունների բաժնետոմսերը սեփականության իրավունքով անհատույց հանձնվել են համայնքներին։ Առողջապահական համակարգում աշխատողների թիվը 2014 թվականին կազմել է շուրջ 1652, որոնցից բժիշկները՝ 399 , միջին բուժանձնակազմը՝ 786:

 

Մարզպետարանն իրականացրել է նաև սոցիալական ուղղվածության բազմաբնույթ ծրագրեր. ըստ որոնց' ՀՀ պետական բյուջեով հաշվետու տարում մարզպետարանին հատկացված ֆինանսական միջոցներից շուրջ 20 մլն դրամ, ՀՀ Կոտայքի մարզպետի համապատասխան որոշումներով, տրամադրվել է մարզի 1344 սոցիալապես անապահով ընտանիքների, որից 670-ը զոհված, անհայտ կորած և հաշմանդամ դարձաց ազատամարտիկների ընտանիքներ են, 121-ը' Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ:

 

Պատասխանելով լրագրողների հարցերին' մարզպետ Արամ Հարությունյանն անդրադարձ է կատարել նաև մարզպետարանի գործունեության այլ ոլորտներում ևս գրանցված հիմնական ցուցանիշներին և նշել, որ մարզային աշխատանքների տարեկան ամփոփիչ տվյալներն ու հաջորդ տարվա ծրագրերը տեղադրվելու են մարզպետարանի պաշտոնական կայքում: