Թուրքիան պաշտոնապես կդիմի ԱՄՆ-ին' արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենին արտահանձնելու խնդրանքով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբեր7» լրատվական կայքը:

 

Ստամբուլի դատարանը դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ից պահանջել է կատարել Ֆաթուլլահ Գյուլենին ձերբակալելու մասին իր կողմից ընդունված որոշումը:

 

2014 թվականի դեկտեմբերի 19-ին Ստամբուլի դատարանն ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու եւ Թուրքիայի դեմ լրտեսություն կատարելու մեղադրանքով ընդունել էր Ֆաթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում:

 

Դեկտեմբերի 14-ին թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըին: Բացի այդ, ձերբակալվել էին Samanyolu հեռուստաալիքի տնօերնն ու մի շարք աշխատակիցներ, ովքեր կասկածվում են Ֆաթուլլահ Գյուլենի շարժմանը մասնակից լինելու մեջ: Այդ օրը ձերբակալվել էին 27 անձինք, ում անունները չեն նշվում:

 

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը խստորեն քննադատել են Թուրքիայում լրագրողների ձերբակալությունները:

Թուրքիայի պետխորհուրդն այսօր ընդունած որոշումով չեղյալ է համարել Ֆաթուլլահ Գյուլենի Թուրքիայի քաղաքացու անձնագիրը:

 

73-ամյա Ֆաթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր կողմնակիցը եւ օգնել է նրան իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի եւ բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է անցյալ դեկտեմբերի 17-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:

 

ԱՄՆ-ում բնակվող վտարանդի, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

 

Համացանցում օրերս տարածած տեսանյությում, դիմելով իրեն թիվ մեկ թշնամի հայտարարած Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Ֆաթուլլահ Գյուլենը հայտարարել է, որ կների եւ կհաշտվի նրա հետ, եթե վերջինս խոստովանի «կատարած գողությունները եւ ժողովրդին արած սուտ հայտարարությունները»:

 

«Ներողություն են խնդրում' ապաշխարելով, խոտովանելով սուտը, զրպարտանքը, վրեժի զգացմունքը, գողությունը, կեղտոտ գործերը: Եթե ասի, որ ներողություն է խնդրում ազգից, ապա դա կընկալվի որպես ապաշխարանք: Ալլահը դա կընդունի, մենք էլ կընդունենք», -ասել էր թուրք աստվածաբանը: