Գյումրու քաղաքապետը կդիմի ՀՀ կառավարությանը' գյումրեցի անօթևանների նոր հաշվառման խնդրանքով: Խոսքը վերաբերում է 1038 ընտանիքի: Վերջիններս թեև փաստացի անօթևաններ են և բնակվում են տնակներում, բայց տարբեր պատճառներով չունեն անօթևանի կարգավիճակ և այսպիսով նաև դուրս են մնում բնակարանի խնդրի լուծման ներկա և հետագա ծրագրերից:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ բնակարանի գնման վկայագիր պետական ծրագրի ավարտից հետո նոր հաշվառման խնդիր կլինի:
«Պետք է կատարել անօթևանների հաշվառում՝ հասկանալու համար, թե վերջապես քանի անօթևան է մնացել Գյումրիում: Այս պահին խնդիրը 1038 ընտանիքի է վերաբերում, որոնք, չգիտես ինչ պատճառներով, չունեն անօթևանի կարգավիճակ: Կարծում եմ' ՀՀ կառավարությունն ու համապատասխան գերատեսչությունները, պետք է ուսումնասիրեն խնդիրն ու լուծում գտնեն»,- նշեց քաղաքապետը:
Արմենուհի Մխոյան