Նորվեգական «Կրագերոբլադ վեսթմար» թերթն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հոդվածում մասնավորապես ներկայացվել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգին և իր կուսակիցներին ուղղված' Կրագերոյի քաղաքապետ Կարե Պրեբեն Հեգլանդի կոչը' ճանաչել Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը: Հոդվածում նշվում է, որ ո՛չ Սուլբերգի գործող կառավարությունը, ո՛չ Ստոլթենբերգի նախկին կառավարությունը որևէ քայլ չեն ձեռնարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, որը տեղի է ունեցել 1915-1922թթ., երբ 1,5 միլիոն հայեր են սպանվել թուրքական զինվորների կողմից:
Հոդվածի հեղինակը նաև մատնանշում է, որ Կրագերոյի և՛ գործող, և՛ նախկին քաղաքապետերն այցելել են Հայաստան, և այս քաղաքը սերտ կապեր ունի հայոց պատմության հետ, քանի որ Բոդիլ Կատարինա Բյորնը, ով հայերին օգնել է տարբեր միջոցներով, ծնվել է Կրագերոյում: 2006թ. հայերը Բոդիլ Կատարինա Բյորնին նվիրված հուշաքար են տեղադրել Կրագերոյի քաղաքապետարանի դիմաց: Բացի այդ, հայտնի նորվեգացի մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը նույնպես մեծապես օգնել է հայերին Ցեղասպանության շրջանում:
Հոդվածում նշվում է նաև, որ Նորվեգիայի վարչապետը հրավիրվել էր 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայանալիք հիշատակի միջոցառումներին, սակայն նա մերժել է հրավերը: Կրագերոյի քաղաքապետն այդ կապակցությամբ նամակ է ուղարկել Նորվեգիայի վարչապետին'կոչ անելով որպես վարչապետ մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությանը և այդ առիթով հայտարարել, որ Նորվեգիան ճանաչում է կատարվածը որպես ցեղասպանություն:
Հոդվածագիրը նշում է, որ Կրագերոյի քաղաքապետը մի քանի անգամ հարցում է ուղարկել Նորվեգիայի կառավարությանը' ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, բայց կառավարությունը չի ցանկացել անդրադառնալ այդ հարցին: Քաղաքապետը Նորվեգիայի նման վերաբերմունքը բնորոշել է որպես «վախկոտություն»:
Նշված է նաև, որ Կրագերոյի քաղաքապետարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2006թ. հոկտեմբերի 26-ին: