Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը հրատարակել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը նվիրված օտարալեզու, գրախոսվող (peer-review) ամսագրի առաջին համարը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՑԹԻ-ից:

 

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին այս հանդեսի հրատարակումը լինելու է երկարաժամկետ նախաձեռնություն, որը հնարավորություն կտա ցեղասպանագետների հաջորդ սերնդին մշակել նոր գաղափարներ և հետազոտական նոր մոտեցումներ ցեղասպանությունների և նրանց հետևանքների ուսումնասիրման համար: «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսը» նպատակ ունի հաստատուն դիրք ապահովել ընդհանուր պայքարում' ուղղված ցեղասպանությունների ժխտման ու դրա հետևանքների դեմ: «Հայոց ցեղասպանության ուսումնա սիրության միջազգային հանդեսը» պայքարելու է ցանկացած ցեղասպանության ժխտման դեմ:

 

Այս նախաձեռնությունը համարում ենք համաշխարհային անվտանգության հաստատման համար նախազգուշական քայլերի և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մի մաս»,- նշել է ՀՑԹԻ տնօրեն և միջազգային հանդեսի գլխավոր խմբագիր Հայկ Դեմոյանը: