Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, ով Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, հանդես է եկել հերթական լկտի հայտարարությամբ' վիրավորելով ողջ քրիստոնեական համայնքի կրոնական զգացմունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Ha berler.com-ը, Փերինչեքը անդրադարձել է այն նորությանը, որ ՄԻԵԴ-ում հունվարին կայանալիք դատական լսումների ժամանակ Հայաստանի շահերը պաշտպանող փաստաբանական խմբի մեջ է լինելու նաև հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը' Ամալ Քլունին:

 

«Տիկինը կարող է գալ դատական նիստին, սակայն անգամ եթե Հիսուսի կինն էլ գա, նրանք հաջողության հնարավորություն չունեն»,- աներեսաբար հայտարարել է Փերինչեքը' նշելով, որ «հիմքից լուծելու են Թուրքիայի հիմնական խնդիրներից մեկը' Հայոց ցեղասպանության սուտը»:

 

Հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը' Ամալ Ռամզի Ալամուդդինը 2015 թվականի հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայանալիք Փերինչեքի գործով նիստում կլինի Հայաստանի շահերը պաշտպանող փաստաբաններից մեկը: Դատական նիստը նշանակված է հունվարի 28-ին:

 

Տիկին Քլունին հայտնի իրավաբան է, ով մասնագիտացված է միջազգային իրավունքի, քրեական օրենքի, մարդու իրավունքների և էքստրադիցիայի ոլորտում: Նա ներառված է եղել այնպիսի գործերում, ինչպիսիք են Վիկիլիկսի հիմնադիր Ջուլիան Ասանժի և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված գործերը: Նա նաև աշխատել է Լիբանանի հարցերով զբաղվող ՄԱԿ-ի հատուկ տրիբունալի դատախազի, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի համար Միջազգային քրեական դատարանի հետ: Ամալ Քլունին եղել է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Քոֆի Աննանի խորհրդականը: Նա վարժ տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին և արաբերենին: 2014 թվականին նա ամուսնացել է հայտնի դերասան Ջորջ Քլունիի հետ:

 

2007 թվականի մարտի 9-ին շվեյացրական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկվելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերիչեքի հայցը: Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրովունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: Հայաստանը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: