ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լիահույս է, որ Լեռնային Ղարաբաղի համար 2015թվականը պետք է խաղաղության և կարգավորման տարի դառնա։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին համանախագահը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում : «2015 թվականը պետք է լինի ԼՂ հակամարտության խաղաղ ու տևական կարգավորման տարի: Նոր բախումները խնդրի լուծում չեն»,-ընդգծել է Ուորլիքը։

 

Հունվարի 2­-ի լույս 3-­ի գիշերը' ժամը 03:15-­ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում' հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

 

Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: