Ռուսաստանն արդեն ունի մեծ խնդիրներ իր երկրի սահմաններում եւ բնավ շահագրգռված չէ նոր բախումներ հրահրել: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը' «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին: «Մենք արդյունավետ աշխատում ենք ռուսական կողմի հետ եւ հավատացած եմ, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ նոր խնդիրներ ստեղծելով: Ռուսաստանն իրավունք ունի առեւտրային հարաբերություններ հաստատել ցանկացած երկրի հետ, դա ոչ մի կերպ չի խոչընդոտում Ռուսաստանին խաղաղ բանակցությունների խրախուսման գործում արդյունավետ աշխատելու հարցում: Խաղաղություն հաստատելու որոշումն այդուհանդերձ Հայաստանինն ու Ադրբեջանինն է, իսկ խնդրի լուծումը պահանջում է շատ ավելի մեծ ջանքեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտարարել է Ուորլիքը:

 

Նրա խոսքով' տարածաշրջանում տեղ գտնող բախումները փաստում են, որ հակամարտությունն այլեւս սառեցված չէ. համանախագահն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով եւ նշում է, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ: «Առաջին քայլը նախագահների հնարավոր հանդիպումն է Սոչիում եւ հույս ունենք, որ այն թույլ կտա կասեցնել բախումները հայ-ադրբեջանական սահմանում: Մենք հույս ունենք, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել նաեւ սադրիչ հայտարարությունները, որոնք չեն կարող որեւէ դրական առաջընթացի հանգեցնել: Կարող եմ հավաստիացնել երկու նախագահների հետ զրույցներ ունենալուց հետո, որ երկու կողմերը ցանկանում են գտնել խնդրի խաղաղ լուծում, եւ մենք պետք է ամեն կերպ նպաստենք այս բանակցությունների խաղաղ ընթացքին' ցանկալի արդյունքի հասնելու համար, սակայն անհրաժեշտ է երկու նախագահների պատրաստակամությունը: Այսպիսով, մեծ սպասելիքներ ունենք գործընթացի ապագա զարգացումներից, միեւնույն ժամանակ անհանգստացած ենք ներկա կացությամբ: Կողմերից ոչ մեկը չի ցանկանում թույլ թվալ մյուսի աչքերում, սակայն մեր համոզմունքը մնում է միայն մեկը' այն է' խաղաղ բանակցությունն եր, այլ ոչ պատերազմ»,-նշել է ԱՄՆ համանախագահը:

 

Շարունակությունը' տեսանյութում