Համաշխարհային բանկը 378,4 մլն դոլարի չափով վարկ է տրամադրել Ուկրաինային էլեկտրաէներգետիկայի զարգացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը:
Բանկում նշել են, որ միջոցները կօգտագործվեն էլեկտրահաղորդման համակարգերի հուսալիության բարձրացման եւ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի կատարելագործման համար:
Համաշխարհային բանկի՝ Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Չիմյաո Ֆանը նշել է, որ էներգետիկական հատվածը ռազմավարական նշանակություն ունի Ուկրաինայի համար, եւ վարկը կօգնի «վերականգնել էներգահաղորդման ազգային ցանցը» եւ կնպաստի երկրի «էներգետիկական անվտանգության ամրապնդմանը»:
18 տարի ժամկետով վարկը Ուկրաինային հատկացվել է 3,5 մլրդ դոլար ծավալով օգնության փաթեթի շրջանակներում, որը հաստատվել է 2014 թվականի մարտին: Մինչ այժմ այդ միջոցներից տրամադրված է 2,5 մլրդ դոլար: