Համաշխարհային բանկը (ՀԲ) 160 մլն դոլարի չափով օգնություն Է տրամադրել Սիեռա Լեոնեի տնտեսությանն օժանդակելու համար, որտեղ շարունակվում Է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակը:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է ՀԲ-ի ղեկավար Ջիմ Են Քիմի հետ Սիեռա Լեոնեի նախագահ Էռնեստ Բայ Կորոմայի՝ Ֆորտունայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:

 

Ինչպես սպասվում Է, միջազգային ֆինանսական կառույցի կողմից տրամադրված միջոցները կուղղորդվեն, մասնավորապես, համաճարակի պատճառով տուժած գյուղատնտեսական հատվածի վերականգնմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը:

 

«Մենք անհանգստացած ենք Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության տարածման կապակցությամբ Սիեռա Լեոնեի ագրարային հատվածի արտադրանքի զգալի նվազումից»,-հայտարարել Է Ջիմ Են Քիմը, խոստանալով աջակցություն ցուցաբերել տեղի գյուղացիներին եւ նշելով պարենային ճգնաժամ թույլ չտալու անհրաժեշտությունը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ դեկտեմբերի 3-ին հրապարակված հաշվետվության մեջ ասված Է, որ Էբոլա տենդի զոհերի թվաքանակը, որը 2014 թվականի փետրվարին բռնկել է Արեւմտյան Աֆրիկայում, գերազանցել է վեց հազարը:

 

Առավել մեծ թվով վարակվածներ ու մահացածներ են գրանցվել Լիբերիայում՝ համապատասխանաբար 7 հազար 635 եւ 3 հազար 145: Սիեռա Լեոնեում վարակված է 7 հազար 312 մարդ, մահացել են 1583-ը: Գվինեայում վիրուսի զոհ է դարձել 1327 բնակիչ, վարակվել են 2 հազար 164-ը:

 

Ընդամենը Էբոլա տենդով հիվանդացել է 17 հազար 145 մարդ, մահացել են 6 հազար 70-ը: Հոսպիտալացված հիվանդների շրջանում մահացությունը կազմում է 60 տոկոս: