Համաշխարհային բանկն աղքատության նշագիծն օրական 1,25 դոլարից բարձրացրել է մինչև 1,9 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՀԲ-ի նախագահ Ջիմ Են Կիմը:

 

 

«Աղքատության նոր նշագիծը կազմում է օրական 1,9 դոլար»,- նշել է նա Վաշինգտոնում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:

 

 

Ամերիկացի փորձագետների կարծիքով, որոնք ավելի վաղ աղքատության շեմի հնարավոր բարձրացման մասին իմացել են ԶԼՄ-ներից, դա կհանգեցնի այն բանին, որ ամբողջ աշխարհում աղքատության նշագծից ցած ապրողների թիվը կհամալրվի միլիոնավոր մարդկանցով:

 

 

Ջիմ Են Կիմի խոսքով՝ ՀԲ-ի որոշման վրա ազդել է աշխարհում գնողունակության նվազումը: «Մենք վերցրել ենք 15 ամենաաղքատ երկրները և մանրակրկիտ ուսումնասիրել այն բանի բոլոր ասպեկտները, թե մարդիկ ինչպես են ապրում այդ երկրներում, հատկապես նրանց սպառողական զամբյուղը»,- նշել է բանկի նախագահը: Հետազոտության արդյունքում փորձագետները եկել են այն եզրակացության, որ այսօր աղքատներին օրական 1,9 դոլարի եկամուտ է պահանջվում այն մթերքները գնելու համար, որոնք նրանք 1,25 դոլարով գնում էին 2008 թվականին, պարզաբանել է կազմակերպության ղեկավարը:

 

 

ՀԲ-ն առաջին անգամ աղքատության շեմ է սահմանել 1990 թվականին: Այն ժամանակ որպես դրա ցուցանիշ ընդունվել էր օրական 1 դոլարից պակաս եկամուտը: Ավելի ուշ այն ավելացվեց մինչև 1,25 դոլար: Հուլիսին ՄԱԿ-ի ներկայացրած զեկույցի համաձայն՝ այսօրվա դրությամբ աշխարհում 836 մլն մարդ ապրում է օրական 1,25 դոլարից պակաս եկամուտով այն դեպքում, երբ 1990 թվականին այդ թիվը կրկնակի ավելի մեծ էր՝ 1,9 միլիարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: