Այսօր' հունվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Կորյուն-Աբովյան խաչմերուկում' Բժշկական համալսարանի դիմաց, բախվել են «Մերսեդես» մակնիշի 29 ՍՏ 982 համարանիշի և 39-ամյա Արմեն Մանուկյանի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 008 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ֆորդ Տրանզիտը» պատկանում է Երևանի Շտապ բուժօգնություն ծառայությանը: Վթարի հետևանքով «Մերսեդեսի» ուղևորներից մեկը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կարճ ժամանակում դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1 դասակի աշխատակիցները' դասակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև 103 ծառայության Շտապ բուժօգնության օպերատիվ գծով փոխտնօրեն Վահե Միրիջանյանը: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը:
Վթարի վայրում 103 ծառայության աշխատակիցները պնդում են, որ իրենք կանչով մեկնելիս են եղել և միացված է եղել ազդանշանային համակարգը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան նախկինում էլ է վթարի մեջ հայտնվել: