Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Լ.Կիրակոսյանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և երրորդ անձ Ա.Մնացականյանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Լ.Կիրակոսյանը և նրա ներկայացուցիչը, դատարան ներկայացրած հայցադիմումով և դատաքննության ժամանակ, դատարանին հայտնել են, որ 01.04.2011թ-ին մասնակից է դարձել ավտովթարի։ 22.04.2011թ-ին ՀՀ ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժանմունքի հետաքննիչի կողմից կազմված եզրակացության հիման վրա, բաժանմունքի պետ Ա.Մադաթյանի 24.04.2011թ-ի որոշումով ենթարկվել է վարչական պատասխանատվության։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Լ.Կիրակոսյանը խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, ինչպես նաև ՃԵԿ-ի 62-րդ կետի պահանջները, այն է' 01.04.2011թ-ին' ժամը 17։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վաղարշյան և Կոմիտաս փողոցների խաչմերուկում չի պահպանել անվտանգության միջտարածությունը տրանսպորտային միջոցի հետ, որի հետևանքով բախվել է վերջինիս և պատճառել է գույքային վնաս։ Վարչական իրավախախտման վերաբերյալ 26.04.2011թ-ի որոշման համաձայն՝ Լ.Կիրակոսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ենթարկվել է 20.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի։
ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության 17.07.2012թ-ի թիվ 12-1209 եզրակացության համաձայն' տեխնիկական տեսանկյունից տվյալ վթարի առաջացումը հնարավոր է ինչպես «ՆԻՍՍԱՆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ.Կիրակոսյանի, այնպես էլ «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մնացականյանի բացատրություններում ներկայացված ելակետային տվյալների պայմաններում։
Դատարանի վերլուծությամբ՝ բացատրություն վերցնելու մասին արձանագրությունների ուսումնասիրությունից պարզվել է, որ Լևոն Կիրակոսյանը ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետաքննության բաժանմունքի հետաքննիչին 02.04.2010թ-ին բացատրություն է տվել այն մասին, որ մինչև Կոմիտաս և Վաղարշյան փողոցների խաչմերուկ մուտք գործելն իր առջևից 2 մ միջտարածությամբ երթևեկում էր «ՎԱԶ 2102» մակնիշի մեքենան, որը երթևեկում էր միաժամանակ երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիները զբաղեցրած վիճակում։ Երբ մուտք են գործել խաչմերուկ «ՎԱԶ 2102» մակնիշի մեքենան ձախ է թեքվել և այդ պահին, երբ նրանից գտնվում էր մոտ 2 մետր հետ ընկած դիրքում, անմիջապես արգելակել է, սակայն իր ավտոմեքենայի առջևի անվաթևի աջ կողմի անկյունային մասով բախվել է «ՎԱԶ 2102» մակնիշի մեքենայի ձախ կողմի առջևի դռանը։
Վերոգրյալ բացատրությունից բխում է, որ վթարին նախորդող պահին Հայցվորի վարած մեքենան գտնվել է «ՎԱԶ 2102» մակնիշի մեքայի հետևում։ Վերոգրյալի հիման վրա դատարանն անհիմն է համարել հայցվորի' հայցադիմումում նշված փաստարկն այն մասին, որ «ՎԱԶ 2102» մակնիշի մեքենայի հիմնական մասը գտնվում էր երկրորդ երթևեկելի գոտում։
Դատարանն անհրաժեշտ է համարել արձանագրել, որ լուսանկարների ուսումնասիրությունից պարզվել է վթարի պահին մեքենաների դիրքը, որից երևում է, որ վթարը տեղի է ունեցել մինչև Կոմիտաս պողոտայի երթեկելի ուղեմասերի բաժանարար գիծը, իսկ «ՎԱԶ 2102» մակնիշի մեքենայի առջևի մասն ուղղված է դեպի Կոմիտաս փողոցի երթեկելի ուղեմասի եզրային' երրորդ գոտին։
Այսպիսով, վարչական վարույթի նյութերով հիմնավորվել է, որ հայցվորը խախտել է օրենքի պահանջները, որի հետևանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարը։
Հիմք ընդունելով վերագորյալը՝ դատարանը վճռեց հայցը մերժել:
Աղբյուրը' Իրավաբան.net