Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հունվարի 12-ին ավանդական ճառով հանդես գալով օտարերկրյա պետությունների՝ Սուրբ աթոռին առընթեր հավատարմագրված դեսպանների առջեւ, ցավով նշել Է աշխարհում բազմաթիվ արյունահեղ հակամարտությունների գոյությունն ու սաստկացումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը :

 

Քահանայապետը ներկայում ստեղծված իրադրությունը նույնիսկ համեմատել Է «իսկական համաշխարհային պատերազմի հետ, որը մղվում Է մաս առ մաս», քանի որ տարաբնույթ հակամարտություններ են տեղի ունենում մոլորակի ամենատարբեր տարածաշրջաններում:

 

Ֆրանցիսկոսը հորդորել Է շուտափույթ կարգավորել Ուկրաինայի ճգնաժամը, որը, նրա խոսքով, «բախումների դրամատիկ թատերաբեմի Է վերածվել»: Հռոմի պապն առաջարկել Է հակամարտության մեջ ներքաշված կողմերին «հնարավորինս շուտ վերսկսել շարժումը փոխադարձ վստահության եւ եղբայրական հաշտության ճանապարհով, ինչը թույլ կտա հաղթահարել ներկայիս ճգնաժամը»:

 

Խոսելով Մերձավոր արեւելքի իրադրության մասին՝ քահանայապետը կոչ Է արել «վերսկսել երկու կողմերի միջեւ բանակցային գործընթացը՝ ուղղված բռնության դադարեցմանը եւ այնպիսի լուծման հասնելուն, որը ինչպես Պաղեստինի, այնպես Էլ Իսրայելի ժողովրդին թույլ կտա վերջապես ապրելու խաղաղության մեջ, հստակորեն որոշված եւ միջազգային հանրակցության կողմից ճանաչված սահմաններում»:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ դիմելով դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին՝ Ֆրանցիսկոսը հայտարարել Է «Իսլամական պետության» ագրեսիային միասնական պատասխան տալու» անհրաժեշտության մասին: Հովվապետի խոսքով՝ անարդար ագրեսիայի դեմ հանդիման, որն ուղղված Է քրիստոնյաների եւ Սիրիայում ու Իրաքում գոյություն ունեցող կրոնական ու Էթնիկական մյուս խմբերի դեմ, հարկավոր Է միասնական պատասխան, որը միջազգային իրավունքի շրջանակներում կկանգնեցնի բռնությունը տարածաշրջանում:

 

Ֆրանցիսկոսը նաեւ կոչ Է արել «կրոնական, քաղաքական եւ ինտելեկտուալ ղեկավարներին, նախեւառաջ մուսուլմաններին, դատապարտել կրոնի ցանկացած ֆունդամենտալիստական ու ծայրահեղական մեկնաբանություն՝ ուղղված բռնարարքների արդարացմանը»:

 

Որպես այն բանի օրինակ, թե ինչպես երկխոսությունը կարող Է կամուրջներ հաստատել ժողովուրդների միջեւ, քահանայապետը նշել Է ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ վերջերս ընդունված որոշումը: Նա նաեւ հույս Է հայտնել, որ շուտով վերջնական համաձայնություն ձեռք կբերվի իրանական միջուկային ինդրի շուրջ: