Հռոմի Ֆրանցիսկոս պապը ունկնդրություն է տալու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին: Ինչպես տեղեկացնում է Վատիկանի «Սիսմոգրաֆո» բլոգը, հանդիպումը նշանակված է ապրիլի 26-ին՝ Հռոմի երկու պապերի՝ Հովհաննես Պողոս Երկրորդի և Հովհաննես 23-րդի սրբացման արարողության նախօրեին:
Իր ավանդական զատկական ուղերձում Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը կոչ է արել կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը: «Միասին աղոթում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը միջազգային հանրակցության աջակցությամբ հնարավոր ամեն ինչ անեն բռնություն թույլ չտալու և երկխոսություն հաստատելու համար՝ ի բարօրություն այդ երկրի ապագայի»,-ասել է քահանայապետը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: