Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ամբիոնից հույսի և քաջալերանքի ուղերձ է հղել եվրոպացիներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նրա ելույթից առաջ ԵԽ-ի նախագահ Մարտին Շուլցն ընդգծել է, որ «Եվրոպան վերջին վեց տարիներին հսկայական, դրամատիկական ճգնաժամ է ապրում՝ վիթխարի հետևանքներով»: «Դա, նախևառաջ, վստահության կորուստն է եվրոպական ինստիտուտների նկատմամբ, գաղափարների կորուստը: ԱՆհրաժեշտ է, որ բոլորը միավորվեն, որպեսզի վերականգնվի այդ վստահությունը,-ընդգծել է խոսնակը:-Ձեր ուղերձը եվրոպական ուղերձ է: Այդ ուղերձի հիման վրա մենք միասնություն ենք ձեռք բերում»:
«Դա հույսի ուղերձ է՝ հիմնված է այն վստահության վրա, որ մեր խնդիրները կարող են միավորիչ հզոր ուժ դառնալ բոլոր այդ վախերը հաղթահարելու նպատակով, որոնք այժմ Եվրոպան զգում է ամբողջ աշխարհի հետ միասին»,-ասել է հովվապետը: Նրա կարծիքով՝ «Եվրոպայի գլխավոր հիվանդություններից մեկը դարձել է մենությունը, որը բնորոշ է նրանց, ովքեր շփումներ չունեն մյուսների հետ»:
«Մենությունն սկսել է ավելի սուր զգացվել տնտեսական ճգնաժամի պատճառով, որը շարունակում է ողբերգական հետևանքներ ունենալ հասարակության կյանքի համար: Վերջին տարիներին ԵՄ-ի ընդլայնման համեմատ աճել է նաև քաղաքացիների մի մասի անվստահությունը եվրոպական հաստատությունների նկատմամբ, որոնք նրանք դիտում էին որպես մեկուսացած, անհատների ակնկալիքների նկատմամբ անտարբեր, եթե ոչ վնասակար կանոններ սահմանող հիմնարկություններ»,-նշել է պապը:
Իր ելույթում Ֆրանցիսկոսն արծարծել է էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրների հարցերը, Մերձավոր արևելքից և Աֆրիկայի երկրներից Եվրոպա գաղթի խնդիրները: Նա նաև անդրադարձել է ծայրահեղականության թեմային, այդ թվում՝ կրոնական հողի վրա: Ֆրանցիսկոսը չի շրջանցել նաև գործազրկության աճը Հին աշխարհում և սովը:
Խոսելով ԵՄ-ի գործընկերների և այն երկրների հետ փոխգործակցության մասին, որոնք ապագայում կցանկանային դառնալ նրա անդամներ, Հռոմի պապն ընդգծել է «յուրաքանչյուր անհատի յուրահատկությունն ըմբռնելու» կարևորությունը:
«Եվրախորհրդարանի թանկագին անդամներ, եկել է այնպիսի Եվրոպա կառուցելու համար միասին աշխատելու ժամանակը, որը պտտվում է ոչ թե տնտեսության, այլ մարդկային անհատի սրբության շուրջը, անկապտելի անժեքների շուրջը»,-ասել է քահանայապետը:
Դիտորդները Վատիկանի սուվերենի նոր ուխտագնացությունն արդեն որակել են ռեկորդային: Նախ, դա Հռոմի պապի ամենակարճատև ուղևորությունն է Իտալիայի սահմաններից դուրս. ծրագրի համաձայն՝ Ֆրանցիսկոսը Ստրասբուրգում կգտնվի երեք ժամ 50 րոպե:
Երկրորդ, Հռոմի քահանայապետի ներկայիս ուղևորությունը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին անգամ, գործնականում չունի կրոնական բաղադրիչ և չի նախատեսում մասնակցություն եկեղեցական արարողություններին: Միևնույն ժամանակ Վատիկանի դիվանագիտական աղբյուրները ընդգծում են, որ խոսքը չի վերաբերում Ֆրանսիա հովվապետի պաշտոնական այցին, և Ֆրանսիայի ղեկավարների հետ հանդիպումներ ծրագրված չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: