Համաշխարհային հանրությունը պետք է միասնաբար պայքարի ահաբեկչության գաղափարախոսության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նման հայտարարությամբ հանդես է եկել Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին: Նրա խոսքով' բոլոր ղեկավարները պետք է համախմբվեն՝ արգելելով ահաբեկչության տարածումը: «Միակ որոշումը ուս-ուսի կանգնելն է և միասնաբար պայքարելը ծայրահեղական խմբավորումների դեմ»,- նշել է Նախագահ աս Սիսին:
Նա դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի ծայրահեղականները զրկվեն իրենց գաղափարախոսությունը տարածելու հնրավաորությունից:
«Անհրաժեշտ է փակել նրանց կայքերը և էջերը, որոնք դրդում են բռնության և ահաբեկչության»,- ասել է աս Սիսին:
Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուկին մասնակցել է Փարիզում հունվարի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության դեմ բազմահազարանոց արշավին:
Արշավին նաև մասնակցել է ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան: Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը ողջունել է արշավի կազմակերպումն՝ ի հիշատակ Փարիզի ահաբեկչությունների զոհերի:
Փարիզում հակաահաբեկչական արշավին մասնակցել է ավելի քան 1,5 միլիոն մարդ: