Հայկական և ռուսական կողմերը քննարկում են Գյումրիում կատարված սպանության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի դեմ հարցուցված քրեական գործը հայկական կողմին փոխանցելու հարցը:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ դատախազության մամուլի քարտուղար Քրիստինե Մելքոնյանը տեղեկացրեց, որ վերջնական որոշում կայացվելուց հետո պարզ կդառնա, թե ինչպիսի ընթացակարգ կունենա գործի քննությունը: «Ներկայումս ռուսական կողմի հետ քննարկվում է քրեական գործը հայկական կողմին փոխանցելու հարցը: Դրանից հետո, երբ հստակ լինի, գործը մեզ մոտ է, թե ոչ, պարզ կդառնա ինչ ընթացակարգով է շարունակվելու դրա քննությունը: Հարուցված քրեական գործը երկու մաս ունի. սպանության մասով այն հայկական կողմի իրավասության ներքո է, իսկ զինվորի մասով' ռուսական կողմի մոտ: Երբ հստակ լինի' գործը ով է քննում, պարզ կդառնա քննության կարգը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Մելքոնյանը:

 

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշել էր, որ հայկական և ռուսական քննչական մարմինները համատեղ հարցաքննություն են անցկացրել կասկածյալի հետ: Վալերի Պերմյակովը նախնական ցուցմունք է տվել և նկարագրել կատարվածը: Հայկական կողմից քննությանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը:

 

Հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել է։ Սպանության հիմնական կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավլովիչ Պերմյակովն է: Վերջինս հունվարի 12-ին փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: Ռուս զինծառայողին ճանաչել և բռնել են ռուս սահմանապահները:

 

Կասկածյալը դեռ գտնվում է ռուսաստանցի սահմանապահների մոտ: Տարածքում են գտնվում ՀՀ դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները, դեպքի վայր է ժամանել նաև ՌԴ Հարավային օկրուգի դատախազը: Քննարկվում են հետագա գործողությունները: Քրեական գործի քննությունը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե, անմիջական հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը: