Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի անդամներին դաժանորեն սպանած ՌԴ ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովի հայրը' Պավել Պերմյակովն աղանդավորական «Вера, Надежда, Любовь» եկեղեցու հոգևոր հովիվն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանն ասաց, որ եկեղեցու կենտրոնը Բալեյ քաղաքն է, և ունի բազմաթիվ կենտրոններ Ռուսաստանում: ««Вера, Надежда, Любовь»-ը խարիզմատիկ եկեղեցիների շարքին է պատկանում, ինչպես օրինակ Հայաստանում գործող «Կյանքի խոսքը»: Խարիզմատիկ եկեղեցին առանձնանում է նրանով, որ իր հետևորդները կարող են ունենալ հոգեկան շեղումներ, նաև հակված լինել բռնության, դաժանության»,- ասաց Ամարյանը:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

 

Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: