Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց՝ այս անգամ 1 աշխատանքային օրով: Այս ընթացքում դատավոր Հարություն Մովսիսյանը որոշում է կայացնելու իր ինքնաբացարկի վերաբերյալ:

 

 

 

Ինչպես նախորդ դատական նիստի ժամանակ նշել էին Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները, այս դատական նիստի մեկնարկին ներկայացվեց որոշում' դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ՝ փաստելով, որ դատավորը կաշկանդված է, ինչի մասին վկայում են մի քանի հանգամանքներ. նախ՝ ՀՀ կողմից անկցակացվող դատավարությունը ռազմաբազայի տարածքում անցկացնելու վերաբերյալ դատավորի որոշումը, ինչպես նաև Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից նախապես կայացրած որոշումը հաջորդ նիստին չընդունելը:

 

 

Վերջին որոշումն, ըստ փաստաբանների, ակնհայտ անհիմն է, քանի որ անցած նիստին դատարանը ոչ միայն ընդունել էր քաղհայցի վերաբերյալ որոշումը, այլ նաև ՌԴ-ին ճանաչել քաղհայցվոր, ավելին, 1 ամսով դատը հետաձգեց՝ հայցը թարգմանելու ու հասցեատիրոջը ներկայացնելու համար, իսկ հունիսի 30-ին արդեն որոշում է՝ չընդունել այդ հայցը: Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի այս միջնորդությանը միացան նաև մյուսները՝ ինչպես Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները, այնպես էլ Ավետիսյանների իրավահաջորդները, դատախազ Գևորգ Գևորգյան առարկեց, իսկ դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանը ձեռնպ ահ մնաց այս միջնորդությունից:

 

 

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 12-ին:

 

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև' յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

 

 

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

 

 

Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

 

 

Արմենուհի Մխոյան