Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում մարտի 11-ին կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը:

 

Անցած դատական նիստից հետո դատարան ներկայանալու համար ծանուցվելու էր 2012 սահմանապահ ջոկատից դատակոչված վերջին վկան՝ Ռոմիկ Խաչատրյանը, ով այս ընթացքում գտնվում էր արձակուրդում: Դատարանի կողմից այս ընթացքում հստակեցվելու էր նաև դատակոչվող մյուս վկաների՝ 102-րդ ռազմաբազայում Պերմյակովի ծառայակիցների, այդ թվում նաև Պերմյակովի անմիջական հրամանատար Նիկիշինի գտնվելու վայրը: Դատարանն ըստ օրենքի դիմելու է ռուսական կողմին՝ այդ 7 վկաների գտնվելու վայրն ու հասցեները պարզելու նպատակով, ապա նրանց կանչելու է դատարան:

 

Այդ 7 անձանցից մի քանիսը զորացրվել է, մյուսներն էլ ծառայության այլ վայրեր են տեղափոխվել: Ավետիսյանների իրավահաջորնդների ներկայացուցիչներն այս գործի համար անչափ կարևոր են համարում Պերմյակովի ծառայակիցների ցուցմունքները, իսկ ամենակարևորը՝ նրա անմիջական հրամանատար Նիկիշինի ցուցմունքը. նա է մեկնել Չիտա, ընտրել Պերմյակովին՝ որպես զինվոր, բերել Հայաստան, բացի այդ, դեպքի օրը նա է եղել վերակարգի հրամանատարը: