Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ապրիլի 15-ին կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստը: Այս նիստի ընթացքում, եթե վկայությամբ չներկայանան Պերմյակովի ծառայակիցներ Վլադիմիր Տարասովը և Անդրեյ Նիկիշինը, ապա ամենայն հավանականությամբ, դատարանը կլսի Վալերի Պերմյակովին:

 

Նշենք, որ փաստաբաններն անցած նիստի ժամանակ դիմեցին դատարանին լրացուցիչ հարցում անելու Վալերի Պերմյակովի ծառայակիցների՝ հատկապես Վլադիմիր Տարասովի և Անդրեյ Նիկիշինի գտնվելու վայրի և հասցեների վերաբերյալ. ըստ դատարանի ստացած որոշակի տեղեկության՝ Անդրեյ Նիկիշինը գտնվում է ՌԴ Սվերդլովսկի մարզում, իսկ Վլադիմիր Տարասովը՝ Վոլգոգրադում: Այս տեղեկությունները կհեշտացնեն վերջիններիս հասցեները ճշտելու ու դատակոչելու գործընթացը:

 

Դատարանն անցած նիստին բավարարեց նաև Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանների միջնորդությունը՝ մինչև հաջորդ դատական նիստը դիմել ռուսական կողմին պարզելու, թե արդյոք քրեական նոր գործեր հարուցվե՞լ են Վ. Պերմյակովի գործի շրջանակներում և Վ. Պերմյակովի «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում արված գրառումների համաձայն մարդիկ հարցաքննվե՞լ են, թե ոչ:

 

Դատարանն արդեն ավարտել է ապացույցների ներկայացման փուլը. դատարանին ներկայացվել են Ավետիսյանների բնակարանում և Վալերի Պերմյակովի մոտ հայտնաբերված իրեղեն ապացույցների 18 փաթեթ: Դատարանն իր տրամադրության տակ ունի նաև Վալերի Պերմյակովի հարցաքննության տեսաձայնագրությունը, որը մինչև այս պահը չի հրապարակվել: Եթե Վալերի Պերմյակովն ապրիլի 15-ին կայանալիք դատական նիստին հրաժարվի ցուցմունքներից, ապա դատարանը կարող է օգտագործել նրա նախաքննական ցուցմունքերը:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում. նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

 

Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ:

 

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանություն): ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության և զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: