Անձնական խիզախություն ցուցաբերելու և բժշկի մասնագիտական պարտքը ծանր եղանակային պայմաններում բարեխղճորեն կատարելու համար ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրեր շնորհվեցին Վարդենիսի ԲԿ շտապօգնության բժիշկ Սուսաննա Մակարյանին, Վարդենիսի ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Սամվել Ղուրուշտանյանին, անեսթեզիոլոգ Արթուր Ղազարյանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատվոգրերը հանձնեց ՀՀ ԱՆ փոխնախարար Տիրգրան Սահակյանը: Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը' ցուցաբերած աջակցության համար:
Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղից Վարդենիսի բժշկական կենտրոն հունվարի 10-ին կանչ է գրանցվում սուր շնչառական վարակով երկու երեխայի (4 տարեկան և 8 ամսական) վերաբերյալ։ Շտապ բուժօգնության բժիշկներ Սուսաննա Մակարյանը և Արթուր Ղազարյանը լեռնային գյուղ են ուղևորվել հրշեջ-փրկարարական ջոկատի ուղեկցությամբ։ Բժիշկները դեռ ճանապարհին են եղել, երբ հեռախոսազանգ է ստացվել բնակչուհի Պայծառ Գասպարյանի երկունքի վաղաժամ ցավերի մասին: Սակայն Մաքենիս գյուղից հետո հնարավոր չի եղել հաղթահարել ձյունածածկ ճանապարհը, և բժիշկները ստիպված են եղել մոտ 4 կմ անցնել ոտքով։ Բժիշկների հիմնական անհանգստությունը գյուղից անընդմեջ ստացվող ահազանգերն էին, որ ամանորյա տոներին ծնողներին հյուրընկալվող երիտասարդ կինն ուր որ է կծննդաբերի։ «Ծովակից Լճավան ճանապարհը դժվարանցանելի էր, բայց բաց: Սակայն Մաքենիս գյուղից մոտ 500 մ այն կողմ ճանապարհն արդեն անանցանելի էր: Քանի որ ես նմանատիպ իրավիճակների ոչ միանգամյա փորձ ունեմ, ուստի ճանապարհը ոտքով շարունակելու որոշումը ֆանատիզմ չէր, այլ ինքնագնահատում. ես գիտեի, որ կարող եմ անցնել այդ ճանապարհը, գիտեի, որ մյուս բժիշկըˋԱրթուր Ղա զարյանը, ով մասնակցել է Արցախյան պատերազմին, ևս կարող է անցնել»,- պատմեց Սուսաննա Մակարյանը:
Հասնելով գյուղˋ բժիշկները որոշել են բաժանել անելիքները, և Արթուր Ղազարյանը շտապել է օգնություն ցուցաբերել սուր շնչառական խնդիրներ ունեցող հինգ երեխաների և մեծահասակներին, իսկ բժշկուհի Մակարյանը գնացել է ծննդկանի մոտ: Նրա խոսքովˋհղին և ազգականները խոր տագնապի մեջ են եղել, և առաջին քայլը նրանց հանգստացնելն էր: Գնահատելով հղի կնոջ վիճակըˋ որոշում է կայացվել Վարդենիսից կանչել մանկաբարձ-գինեկոլոգ Սամվել Ղուրուշտանյանին: Գյուղը կազմակերպեց բժշկի տեղափոխումը տրակտորով: Դրան զուգահեռ' բժշկուհի Մակարյանը Skype-ով խորհրդակցել է նաև պրոֆեսոր Գեորգի Օկոևի հետ:
«Հիվանդն ուներ ցավեր, բայցˋ ոչ ռեգուլյար: Ներքին զննումը ցույց տվեց, որ նրա մոտ ոչ թե ծննդաբերության երկրորդ շրջանն է, այլ վաղաժամ ծննդաբերության վտանգ կա: Երեսունվեց շաբաթական հղիություն է եղել: Հիվանդանոցում ստացած բուժօգնության շորհիվ հնարավոր է եղել կասեցնել վաղաժամ ծննդաբերությունը»,- պատմեց Ղուրուշտանյանը:
Տեղում կատարված բուժզննությամբ անհրաժեշտություն է առաջացել հղի կնոջը տեղափոխել Վարդենիսի ԲԿ: Կնոջն Ախպրաձորից մինչև Մաքենիսում սպասող շտապ բուժօգնության մեքենայի մոտ հասցնելը հնարավոր չէր լինի առանց փրկարարների և գյուղի երիտասարդների օգնության։ Նրանք բահերով մաքրել են տրակտորի ճանապարհը փակող ձյունը։ Ճիշտ ժամանակին օգնության չհասնելու դեպքում հղի կնոջ մոտ կարող էին տարբեր տեսակի բարդություններ առաջանալ, որոնք կարող էին սպառնալ ինչպես մանկան, այնպես էլ մոր կյանքին:
Արտակարգ իրավիճակում ցուցաբերված բժշկական օգնությունն իրականացվել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական հսկողությամբ։ Միաժամանակ, նրա հանձնարարությամբ մարզպետարանների առողջապահության վարչության ղեկավարները հաշվառում են 35 և ավելի շաբաթական հղիներին, որոնք բնակվում են այնպիսի համայնքներում, որոնց ճանապարհներն առաջիկա 2 ամսվա ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հնարավոր է անանցանելի դառնան։