Հայաստանում աշնանացան մշակաբույսերի ցանքերում, պտղատու և խաղողի այգիներում եղանակային փոփոխությունենրի հետևանքով որևէ վնաս չի նկատվել: Գյուղատնտեսության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ հերքում է լրատվամիջոցներում տարածված լուրերը, որոնց համաձայն' այգիներն ու մշակաբույսերը զգալի վնաս են կրել:
«Որոշ լրատվա միջոցներով լուրեր են տարածվում այն մասին, որ ընթացիկ ձմռան ընթացքում հանրապետությունում գրանցված անհամեմատ տաք ջերմաստիճանային ռեժիմի և վերջին օրերին դիտված ցածր ջերմաստիճանների պայմաններում վնասվել են պտղատու ծառատեսակների բողբոջները, որը կարող է հանգեցնել բերքի կորուստների:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները թույլ են տալիս հերքել այգիները վնասվելու վերաբերյալ մեկնաբանությունները և միանշանակ պնդել, որ հանրապետության տարածքում աշնանացան մշակաբույսերի ցանքերում, պտղատու և խաղողի այգիներում որևէ վնաս չի նկատվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշված է հայտարարության մեջ:
Նախարարությունը վստահեցնում է, որ այսուհետ ևս շարունակելու են մշտադիտարկումները, և ջերմաստիճանի փոփոխությունների հետևանքով գյուղատնտեսական մշակաբույսերի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ ներկայացվելու է մասնագիտական հիմնավորված կարծիք: