ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսը հայտարարել է, որ սիրիացի փախստականներին ցուցաբերվող օգնությունը բավարար չէ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նան այցելել է Հորդանանում գտնվող սիրիացի փախստականներին: Հանձնակատարը կոչ է արել միջազգային հանրությանն օժանդակել Սիրիայի և Իրաքի բնակչությանը հատկապես ձմռան ամիսներին, ինչպես նաև աջակցել փախստականներին ընդունող երկրների կառավարություններին: «Չեմ կարծում, որ սիրիական ճգնաժամի ավարտը մոտ է»,- նշել է Գուտյերեսը:
Ձմռան սաստիկ ցրտի պատճառով Սիրիայի հարևան երկրներում գտնվող փախստականները հայտնվել են ծայրահեղ վատ դրության մեջ: Ձյունն ու անձրևները դժվարին կացության մեջ են դրել վրաններում ապրող մարդկանց: Շատերն անգամ զուրկ են վրանների տակ պատսպարվելու հնարավորությունից:
Ավելի վաղ ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտարարել էր, որ Սիրիայում և Լիբանանում ցրտից 10 փախստական երեխա է մահացել:
Կազմակերպության մամուլի քարտուղար Քրիստոֆ Բուլիրիքը նշել է, որ կազմակերպությունը ցրտի պատճառով հիվանդացության աճ է գրանցել, հատկապես երեխաների մոտ շնչառական վարակներ են տարածվել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ ցրտից Լիբանանում և Սիրիայում 14 մարդ է մահացել: Նրանցից 3-ը երեխաներ են եղել: