Լիբանանին անհրաժեշտ է անհապաղ միջազգային ֆինանսական օգնություն' աջակցելու այնտեղ հաստատված 1,5 միլիոն սիրիացի փախստականներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Թամմաս Սալամը: Նա պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ իր ելույթով հանդես է եկել խորհրդարանի ներքին պալատի պատգամավորների առջև:

 

«Լիբանանը ներկայումս անցնում է իր պատմության ամենավտանգավոր ժամանակաշրջաններից մեկի միջով: Քաղաքական և ինստիտուցիոնալ ճգնաժամին ավելացել են նաև լուրջ տնտեսական և սոցիալական դժվարությունները: Դրանք խորացնում է նաև սիրիացի փախստականների հոսքը, որոնց թիվը մոտենում է 1,5 միլիոնի, և նման ծանրություն երկիրը միայնակ չի կարող տանել»,-նշել է Սալամը:

 

Նա նաև ընդգծել է, որ սիրիացի փախստականների ազդեցությունը Լիբանանում ծանր և բացասական է: «Նրանց բնակության ապահովման համար Լիբանանին անհրաժեշտ է միջազգային և տարածաշրջանային օգնություն: Սիրիական ճգնաժամը հատկապես բացասաբար է անդրադարձել Սիրիայի հետ սահմանակից արևելյան շրջանների վրա: Այնտեղ գործում են «Իսլամական պետություն» կազմակերպությունը և այլ իսլամիստական կազմակերություններ: Նրանք հարձակու մներ են իրականացնում Լիբանանի բանակի և ոստիականության աշխատակիցների վրա, արդեն տասնյակ աշխատակիցների գերի են վերցրել»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ նրանք ուժգին ճնշում են գործադրում 25 գերիների հարազատների վրա:

 

Միջազգային դաշինքի' ԻՊ-ի դեմ պայքարի մասին վարչապետը նշել է, որ նրանք հաղթանակ չեն բերի՝ հավելելով, որ անհրաժեշտ է համագործակցություն կոալիցիայի ուժերի և տարածաշրջանի երկրների միջև, ինչն էլ թույլ կտա վերջ դնել բռնություններին: