ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների կրթության վկայականները անդամ երկրների կողմից փոխճանաչվում են մեխանիկորեն, բացի բժշկության, իրավագիտության, մանկավարժության և դեղագործության ոլորտների դիպլոմներից: Այս մաին հունվարի 14-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 

«Եթե նախկինում այլ ընթացակարգեր կային, ապա այս պահին այդ պետությունների միջև մնացած բոլոր մասնագիտությունների դիպլոմներն ճանաչվում են ավտոմատ կերպով: Ավտոմատ չեն ճանաչվելու միայն 4 մասնագիտությունների գծով վկայականները, որոնք պետք է անցնեն ճանաչման ընթացակարգեր: Դա շատ նորմալ է, որովհետև ամեն երկիր ունի իր իրավական դաշտը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ' պարզաբանեց նա:

 

Նախարարը հավելեց, որ գիտական աստիճանների և կոչումների մասին փաստաթղթերը նույնպես չեն ճանաչվելու մեխանիկորեն, այլ ճանաչվելու են' ելնելով տվյալ երկրների օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերից:

 

«Եթե շատ մասնագիտորեն ասեմ, այս պահի դրությամբ' ԵՏՄ-ի կրթական հետևանքները թելադրված են բացառապես աշխատաշուկայի և աշխատանքային միգրացիայի տրամաբանությամբ: Իհարկե, մեզ թվում է, որ ԵՏՄ-ն կարող ունենալ նաև առանձնահուկ կրթական նախաձեռնություններ, որոնք, իհարկե, չեն հակասի ազգային-կրթական համակարգերին և, օրինակ Հայաստանի դեպքում մեր' եվրոպական կրթական տարածքի մաս լինելու հանգամանքին», - ասաց Արմեն Աշոտյանը:

 

Խոսելով աշխատուժի արտահոսքի մասին՝ նախարարը նկատեց, թե որքան ավելի բարձր է պետության մակարդակը, որքան ավելի ճանաչելի են դիպլոմները, այնքան ավելի մեծ է այդ երկրում սովորելու գայթակղությունը:

 

«Երբ իմ ուսանողության տարիներին Բժշկական համալսարանը ստացավ հնարավորություն 6 հոգի ուղարկել Ֆրնասիա սովորելու, և ես երկրորդ փորձից կարողացա հաղթահարել և մտնել այդ 6-ի մեջ, այն ժամանակ ողջ Բժշկական համալսարանը 6 կրթաթոշակի հնարավորություն ուներ, իսկ այսօր կան միջպետական, միջբուհական ծրագրեր: Ցանկության դեպքում կարելի է գտնել սեփական գրպանին, խելքին ու աշխարհահայացքին համարժեք բուհ:

 

Եվ այսօր ամեն տարի մոտ 1000 ուսանող դուրս է գնում. հիմա դա լա՞վ է' թե վատ», - նկատեց Արմեն Աշոտյանը: Նա հավելեց, որ պետք է այնպես անել, որ ուսանողները արտերկրում ուսանելուց հետո վերադառնան հայրենիք, կամ այնտեղ աշխատելով անմիջականորեն օգուտ տան Հայաստանին իրենց գործունեությամբ և կապերով:

 

Խոսելով բնակչության որոշ զանգվածի այն կարծիքի մասին, որ ԵՏՄ-ին միանալուց հետո ռուսերենը ինչ-որ առումով կարող է հավասարեցվել մայրենի լեզվին, կրթության նախարարը հայտարարեց, որ ՀՀ-ում կրթության միակ բացառիկ լեզուն հայերենն է' բացառությամբ օրենքով սահմանված մի քանի դեպքերի: Նա հավելեց, որ Հայաստանում կրթությունն իրականացվում է հայերենով, իսկ ռուսաց լեզուն նույնքան օտար է մեզ համար, որքան, օրինակ, անգլերենն ու ֆրանսերենը, նախարարությունը շահագրգիռ է, որ գլոբալ լեզուները' ռուսաց լեզվից մինչ ֆրանսերեն ու գերմաներեն, դասավանդվեն շատ ու ո րակով: