ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պարզաբանել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքին առնչվող հաճախ տրվող հարցերը: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կայքից:

 

Կարեն Անդրեասյանի խոսքով' Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի' «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում որոշ դրույթներ կասեցնելու որոշումը գործատուների և աշխատողների շրջանում առաջացրել է խառնաշփոթ և մասնագիտական բանավեճեր: Հարցին, թե գործատուն պարտավոր է կատարել պարտադիր կուտակային վճարներ, թե՝ ոչ, Կարեն Անդրեասյանը պատասխանել է, որ ՍԴ որոշումը հստակ սահմանում է, որ վճարում չկատարելը չի առաջացնում որևէ բացասական հետևանք թե՛ գործատուի, թե՛ աշխատողի համար: «Նման պայմաններում մենք շատ ենք կարևոր ում, որ գործատուները վճարման հարցը քննարկեն և համաձայնության գան իրենց աշխատողների հետ, այն է' հնարավորություն տան յուրաքանչյուր աշխատողի ինքնուրույն որոշելու պարտադիր կուտակային վճար կատարելու հարցը:

 

Այսպիսով, քանի որ գործատուն հունվար և փետրվար ամիսների համար վճարում չկատարելու դեպքում չի ենթարկվում որևէ պատասխանատվության, նա կարող է չկատարել համապատասխան վճարումները, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատակիցն ինքն է ցանկանում կատարել այն»,-փաստել է Մարդու իրավունքների պաշտպանը:

 

Նրա պարզաբանմամբ'ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն, պարտադիր կուտակայինի վճարները իր էլեկտրոնային հաշվարկման համակարգում պահանջելու հարցում, գործում է օրենքի սահմաններում: «Չնայած մոդուլի նման ձևին' պարտադիր կուտակային վճարները չվճարելու կամ ուշացումով վճարելու համար պատասխանատվության բացակայության պայմաններում պարտադիր կուտակայինի դաշտի լրացումը կրում է ֆորմալ տեխնիկական բնույթ: Այսինքն, վճարը հաշվվում է, բայց սա որևէ կերպով չի պարտավորեցնում գործատուին փոխանցել այդ գումարը: Փոխանցման հարցը համատեղ որոշում են գործատո ւն և աշխատողը»,- նկատել է Կարեն Անդրեասյանը:

 

Անդրադառնալով այն հանգամանքին, որ եթե գործատուները չփոխանցեն պարտադիր կուտակայինի գումարները, արդյոք ՍԴ վերջնական որոշումից հետո նրանք պատասխանատվության կենթարկվեն կամ ստիպված կլինեն հունվար-փետրվարի համար վճարել գումարները' Կարեն Անդրեասյանը նշել է. «Նախորդ երեք հարցերից բխում է երրորդը. եթե ի վերջո գործատուն չի փոխանցել հունվար-փետրվար ամիսների պարտադիր կոտակային վճարները և դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, ապա ինչ է լինելու մարտի 28-ի ՍԴ վերջնական որոշումից հետո, հատկապես, եթե ՍԴ-ն որոշի, որ պարտադիր կուտակային բաղադ րիչը չի հակասում Սահմանդրությանը:

 

Այս հարցում մասնագետների կարծիքները կիսվում են. մի խումբը, մեջբերելով սահմանադրական նորմը, համաձայն որի անձի իրավական (հետևաբար և ֆինանսական) վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, պնդում է, որ գործատուները ստիպված չեն լինի կատարել չկատարված վճարումները նախորդ երկու ամիսների համար և պատասխանատվության չեն ենթարկվի:

 

Մյուս կողմը պնդում է, որ չնայած նրան, որ պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հոդվածը կասեցվել է հունվար-փետրվար ամիսների համար, այնուամենայնիվ, պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտականությունը ուժի մեջ է եղել հունվարի 1-ից, ինչը նշանակում է, որ գործատուները պարտավոր են եղել վճարել' անկախ ամեն ինչից: Նման տարաբնույթ մեկնաբանությունները ծագում են նրանից, որ ՍԴ-ն իր աշխատակարգային որոշման մեջ որևէ կերպ չի պարզաբանել այս հարցը և ստեղծվել է իրավական անորոշություն:

 

Այնուամենայնիվ, հաշվի առնելով անձանց օրինական ակնկալիքի սկզբունքը, մենք հակված ենք այն տարբերակին, որ մարդիկ ստիպված չեն լինի վճարել նախորդ երկու ամիսների չվճարված գումարները, քանի որ դա հակասում է Սահմանադրության նոր մին, համաձայն որի' անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը (այդ թվում' ՍԴ որոշումներ) հետադարձ ուժ չունեն: Այսինքն, պատասխանատվության կասեցման ազդեցության վերացումը հունվար-փետրվար ամիսների համար դառնում է օրենքի հետադարձություն և վատթարացնող հետևանք է ունենում մարդկանց համար»:

 

ՀՀ ԱԺ չորս խմբակցություններ' ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» եւ ՀԱԿ, դեկտեմբերի 16-ին դիմել էին Սահմանադրական դատարան' վիճարկելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների սահմանադրականությունը: Օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչը ուժի մեջ է մտել 2014թ.-ի հունվարի 1-ից: Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին կասեցրել է օրենքի որոշ հոդվածներ, որոնք պատասխանատվություն են սահմանում: Օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցը ՀՀ Սահմանադրական դատարանը կքննարկի մարտի 28-ին: