ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել կրթության և գիտության բնագավառի կանանց և աղջիկներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նախարարն անգնահատելի է համարել կանանց դերը կրթական համակարգում և ապագա սերունդների դաստիարակման գործում:

 

 

«Այս տոնական օրը ձեզ ուղղված բոլոր բարեմաղթանքների ու շնորհավորանքների առանցքում սերն ու գնահատանքն է, երախտագիտությունն ու խոնարհումը: Դուք ընտանիքում համբերատար մայր եք, առաքինի կին, բարի ու խորհրդատու ծնող, հոգատար քույր և դուստր, իսկ աշխատանքում' բանիմաց և փորձառու, մասնագիտական ողջ կարողություններն ապագա սերնդին անմնացորդ փոխանցող հմուտ մասնագետ: Կարևոր ու անգնահատելի է ձեր վաստակը ինչպես գիտակրթական համակարգի կայացման ու զարգացման, այնպես էլ երիտասարդ սերնդի ուսուցման, դաստիարակման և ազգային ինքնության պահպանման պատասխանատու գործում:

 

 

Ձեր համբերատար աշխատանքի ու նվիրումի արդյունքն է, որ այսօր հպարտանում ենք միջազգային տարբեր օլիմպիադաներում հաղթող մեր աշակերտներով, խելացի ու բանիմաց մեր երիտասարդներով ու նաև սահմաններն անառիկ պահող մեր զինվորներով: Սիրելի’ կանայք և աղջիկներ, շնորհավորելով ձեզ այս գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ' մաղթում եմ առողջություն, անսահման սեր, կանացի հմա յք, երջանկություն, ժպիտ և ուրախություն»,- նշված է ուղերձում:

 

 

Օրվա կապակցությամբ նախարարը պարգևատրել է նաև մի խումբ կին մանկավարժների: Շնորհավորանքի խոսքում Աշոտյանն ընդգծել է, որ կրթության համակարգում աշխատող մեծաթիվ կանայք առանձնահատուկ հմայք են հաղորդում ոլորտին: «Շնորհավորում եմ կրթության համակարգում աշխատող բոլոր կանանց և մաղթում անձնական երջանկություն:

 

Թող ձեր ընտանիքներում դուք այնքան երջանիկ ու անհոգ լինեք, որ կարողանաք սիրով և նվիրվածությամբ կրթել ու դաստիարակել այլոց երեխաներին' ապրել նրանց հոգսերով և վստահորեն նայել դեպի ապագա: Թող ձեր մեջ կուտակված սիրո մեծ պաշարը երբեք չսպառվի, որ այն միշտ կարողանաք բաշխել ձեր սաներին»,- նշել է նախարարը և շնորհակալություն հայտնել կին մանկավարժներին' անբասիր և դժվարին աշխատանքն արժանապատվորեն կատարելու համար:

 

 

Արմեն Աշոտյանը հիշատակել է հայտնի դասական Բեռնարդ Շոուի հանրահայտ խոսքը. «Աստված սկզբում ստեղծեց Ադամին, որպեսզի կարողանա թույլ տրված սխալների հիման վրա' Եվային ստեղծել անթերի»: