Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին, ով մեղադրվում է Գյումրիում ընտանիքի 6 անդամի սպանության մեջ, սպառնում է 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ՌԴ դատախազությանը մոտ կանգնած իր աղբյուրին:

 

«Նման հանցագործության համար ռուսական օրենսդրության համաձայն սահմանվում է 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

 

Ողբերգությունից հետո Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության հանձնաժողովը` վարչության պետի տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ, ով հավաստիացրել է, որ Ռուսաստանը շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ գործի քննության շրջանակներում:

 

Ռուսաստանի ԱԳՆ-ն երկուշաբթի օրը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում, «որպեսզի այս ողբերգության մեղավորները խիստ պատասխանատվության ենթարկվեն»: