Օդային հարվածներով, որոնք իրականացնում են ԱՄՆ-ն և իր դաշնակիցները Սիրիայի տարածքում ավելի քան 3 ամիս շարունակ, դեռ չի հաջողվել դադարեցնել «Իսլամական պետության» տարածումը մերձավորարևելյան այս երկրում: Այս մասին նշվում է ամերիկյան The Wall Street Journal թերթի հրապարակած հոդվածում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, թերթը նշել է, որ եթե Իրաքում հարյուրավոր հարվածներ ԻՊ-ին ստիպել են պաշտպանողական դիրք գրավել, Սիրիայում դրանք նման ազդեցություն չի եղել:

 

Դրա փոխարեն, պաշտպանության նախարարության և անկախ վերլուծաբանների տվյալներով, սեպտեմբերից, երբ ԱՄՆ-ն սկսել է հարձակումներ իրականացնել, ապստամբները Սիրիայում ընդլայնել են իրենց հսկողության տակ գտնվող տարածքները:

 

Ըստ աղբյուրի, ԻՊ-ի հաջողություններին նպաստում է մասնավորապես այն, որ կազմակերպության շարքերում երբեմն ընդգրկվում են ընդդիմության ներկայացուցիչներ: Որոշ դեպքերում ԻՊ-ի դեմ պայքարող և իրար հետ մրցակցող ապստամբներին ԻՊ-ն հորդորում է միանալ իրենց:

 

Այժմ Վաշինգտոնը դեռ մտադիր է կենտրոնացնել իր ուժերն Իրաքում ԻՊ-ի դեմ: Միևնույն ժամանակ, Սիրիայում ավելի ակտիվ գործողություններն ԱՄՆ-ը պլանավորել է հետաձգել այնքան ժամանակ, քանի դեռ պատշաճ մակարդակով չի զինել և պատրաստել իր ենթակայության տակ գտնվող ընդդիմադիր խմբավորումներին: Թերթի գնահատմամբ, դրա համար կարող է շատ տարիներ պահանջվել:

 

ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ սկսվել են օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում' սեպտեմբերի 23-ից:

 

ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում: